Աղվեսի դիմաց հիմար կկուն է․ Մեզ էդ խելքը գլխին Թումանյանական ագռավն է պետք

Հայաստանում անիշխանություն տեսնելով՝ Ադրբեջանը տանում է, քանի որ մենք հանգիստ տալիս ենք

1

Նիկոլը կարողացավ մեր լեզուն խառնել և մեզ վերածել Բաբելոնի: Հիմա մենք խոսում ենք և միմյանց չենք հասկանում: Չենք հասկանում, որ կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, և մնացածն ու ամբողջն է վտանգված, մեր անկախությունն է առկախված: Զարմանում ենք, թե ինչո՞ւ է ժողովուրդը քնած, թմբիրի մեջ է և ոչ մի կերպ, որևէ ցնցումից չի արթնանում, չի սթափվում, միահամուռ չենք և չենք ընդվզում այս խայտառակության ու ամոթի առաջ:

Էլ ի՞նչ պետք է լիներ ամենաթանկից` հայրենիքը կորցնելուց ավելի ահավոր, որ մարդիկ ընդվզեին, տեր կանգնեին իրենց ազգային արժանապատվությանը: Որովհետև իրար չենք հասկանում, սև ենք ու սպիտակ, նախկին ենք ու նոր: Մենք հիմա չգիտենք, թե ով ենք, չենք հասկանում, թե ինչ ենք ուզում, չենք գիտակցում այն իրավիճակը, որին մատնել են, որի մեջ հրել են մեզ:

Նիկոլին հաջողվեց Բաբելոն ստեղծել, ոչ միայն մեր աշտարակաշինությունը կասեցնել, այլև քանդուքարափ անել մինչ այդ սարքածը, և նպատակասլաց գնում է մինչև հիմնահատակ անելը: Սա Նիկոլի սև հաջողությունն է, մթին առաքելությունը: Եթե Հին Բաբելոնն Աստծո կամքով էր, ապա Նոր Հայաստանը սատանայի վճիռն է:

Մենք նախընտրեցինք աշխարհի սկզբից եկող այն ծեսը, որով սնում են ամբոխին` հաց և թամաշա: Հացը չեղավ, բավարարվեցինք թամաշայով:

Մենք հիմա հյութը դատարկած անոթ ենք, որ լցվում է ամենայն աղտեղությամբ: Թամաշայով ապրող ժողովուրդը չի կարող պատերազմ հաղթել: Մեզ սկզբում թվում էր, թե այս պատերազմը հերթական թամաշան է, և հենց այդպես էլ Նիկոլը 44 օր մատուցում էր: Մեզ թամաշա ընտրող դարձրեց Նիկոլը` երկիրը վերածելով սատանայի պարահանդեսի: Իրականում մենք դարձանք աշխարհի համար թամաշա:

Նիկոլն ասում է, որ պետք է հետևողականորեն իրականացնի եռակողմ ստորագրած հայտարարության բոլոր կետերը: Բայց դրան զուգահեռ՝ մեկ այլ իրականություն կա: Մենք ամեն օր լսում ենք, որ Արցախի տարածքից բացի, Հայաստանի Հանրապետության տարածքներն է Ադրբեջանը հեշտ ու դյուրին վերցնում, Մեղրիից` գյուղեր, Տավուշից` գյուղեր, Կապանի օդանավակայանի կեսը կամ հարակից տարածքները, Սյունիքի արոտավայրերը, Սոթքի կեսը… և չգիտենք, թե վաղն ինչ նոր անակնկալներ են սպասվում:

Ադրբեջանը տեսնում է, որ Հայաստանում անիշխանություն է, տեր չկա, ժողովուրդն էլ անհասկանալի ու չգիտակցող վիճակում է, և տանում է` ինչ հնարավոր է, քանի որ մենք տալիս ենք հանգիստ, առանց ընդդիմանալու` այդպես պետք է լինի: Թումանյանական աղվեսի ու կկվի առակն է, մեզ էդ խելքը գլխին ագռավն է պետք:

Ե’վ Հայաստանը, և’ Ադրբեջանը երազի մեջ են. մեր չար երազն է իրականանում, նրանց` բարի երազը: Իսկ Ադրբեջանի համար այսրոպեական ամենամեծ ու դարավոր երազը Զանգեզուրն է: Ճիշտ պահն է Զանգեզուրը պոկելու: Եվ հավանական է, որ գարնանը կլինի նոր պատերազմ` լավագույն դեպքում՝ այս հետևանքներով, որովհետև աղվեսի դիմաց հիմար կկուն է, ոչ թե խորամիտ ագռավը: Արցախը հանձնելով` կհանձնենք Զանգեզուրը:

Նիկոլն Արցախը հանձնել է, պետք է այնքան կառչած մնա աթոռին, որ Զանգեզուրն էլ հանձնի:

Սատանան կիսատ չի մնում, իր գործն ավարտում է կատարյալ ու ամբողջական:

Նիկոլի վերջին ողբերգությունն այն է, որ չի գիտակցում՝ ինքը սատանան է: Գուցե գիտակցո՞ւմ է:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում․