Իրանը կրկին լուրջ մտահոգություն է հայտնել երկրի հյուսիսային սահմաններում ահաբեկիչների ներկայության առնչությամբ։ Այս մասին Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսին:
«Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին տարածաշրջանային այցերի ժամանակ զգուշացրել է երկրի հյուսիսային սահմաններին ահաբեկիչների ներկայության մասին: Մենք մինչ այժմ էլ անհանգիստ ենք այդ հարցի կապակցությամբ»,- նշել է Խաթիբզադեն և հավելել, որ այդ հարցով իրենք ոչ ոքի հետ հաշվի չեն նստելու:
Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում Արցախի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:
Արցախի Պաշտպանության բանակը հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 1-ին գերեվարել է վարձկան ահաբեկիչների, որոնք հարցաքննության ընթացքում մանրամասն պատմել են իրենց հավաքագրման և Սիրիայից Թուրքիայի միջոցով քաղաքացիական օդանավակայաններով ու քաղաքացիական ինքնաթիռներով Ադրբեջան տեղափոխման մասին: Հարուցված են քրեական գործեր:
Գերեվարված ահաբեկիչներից մեկի՝ ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
0Comments