Մեղրաբլիթներից տոնածառ պատրաստելու համար նախ և առաջ՝ անհրաժեշտ են տարբեր չափերի աստղի տեսք ունեցող կաղապարներ: Եթե չունեք հատուկ կաղապարներ, ապա կարող եք պատրաստել ստվարաթղթից. տարբեր չափերի 10 վեցանկյուն աստղեր, որոնցից ամենամեծի տրամագիծը պետք է լինի 8 սմ:
Խմորը նախատեսված է 2 տոնածառի համար:
Սպիտակուցային ջնարակի պատրաստման համար ցանկալի է օգտագործել լորի ձու: Տորթ «Տոնածառը» զարդարելու համար Ձեզ անհրաժեշտ է սպիտակ շոկոլադ, գունավոր կոնֆետներ և շաքարի փոշի:
Բաղադրիչներ
Խմորի համար
Ալյուր – 3 բաժակ
Շաքար – 3/4 բաժակ
Մեղր – 0.5 բաժակ
Կարագ – 50 գ
Հավի ձու – 2 հատ
Սոդա – 0.5 թ/գ
Փոշի-համեմունքներ (դարչին, հիլ, իմբիր) – 0.5 թ/գ
Ջուր – 1/4
Լորի ձու (դեղնուց) – 1 հատ
Ջնարակի համար
Լորի ձու (սպիտակուց) – 1 հատ
Շաքարի փոշի – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
Մաղել ալյուրը: Մեղրը, շաքարը, կարագը և ջուրը լցնել կաթսայի մեջ և տաքացնել մինչև 70-75 աստիճան, անդադար խառնել:
Տաքացված խառնուրդի մեջ ավելացնել մաղած ալյուրի կեսը և համեմունքները: Լավ խառնել: Ստացված զանգվածը սառեցնել մինչև սենյակային ջերմաստիճանի, ավելացնել հավի ձվերը, լորի ձվի դեղնուցը, սոդան, մնացած ալյուրը և փափուկ խմոր հունցել: Խմորը պատել փայլաթիթեղով և թողնել 30 րոպե:
Հանգստացած խմորը գրտնակել և ստանալ 0.7 սմ հաստության շերտեր:
Կաղապարների միջոցով աստղիկներ կտրատել:
Թխվածքաբլիթները դնել յուղաթղթով պատված ջեռոցի տապակի վրա և եփել 8 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստի թխվածքաբլիթները սառեցնել և զարդարել սպիտակուցային ջնարակով: Երբ ջնարակն ամբողջովին չորանա, սկսել հավաքել տոնածառը:
Պատրաստի տոնածառը զարդարել գունավոր կոնֆետներով և շաքարի փոշի ցանել՝ ձյան տեսք ստանալու համար:
0Comments