Թարմացված․ Հայերը փակել են բոլոր եվրոպական միջպետական ճանապարհները

Մանրամասներ

Այսօր առավոտից Եվրոպայի մի շարք երկրներում հայ համայնքների ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունն ու դատապարտել թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիան:

Նրանք փակ են պահում միջպետական ավտոմայրուղիները՝ Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ-Բելգիա-Ֆրանսիա ճանապարհները:

Հայերը վանկարկում են «Սփյուռք-Արցախ-Հայաստան», «Արցախը Հայաստան է», «Ստո՛փ, Էրդողան, ստո՛փ, Ալիև», «Ալիև, Էրդողան, տեռորիստ» և այլն:

«Եվրոպայի հայությունն այսօր կազմակերպված երկկողմանի փակել է Եվրոպայի բոլոր ճանապարհները: Չենք պատրաստվում բացել, մինչև լրագրողները չներկայացնեն պահանջները»,-նշում են նրանք:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 5959 զոհ։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։