Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը եւ կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծություն:
Արձանագրվել են հետեւյալ հիմնական խնդիրները.
✔ քրեակատարողական ծառայողների եւ ազատությունից զրկված անձանց թիվը խիստ անհամաչափ է,
✔ պահման պայմանները խիստ անբավարար են, առկա են խնդիրներ լոգանքի կազմակերպման հետ, անհրաժեշտ են վերանորոգման եւ մաքրման պատշաճ աշխատանքներ,
✔ պատժախցերի սանհանգույցները բնակելի տարածքից ամբողջական պատով առանձնացված չեն եւ բացակայում են դռները,
✔ առկա են կարանտինային բաժանմունքում պահվող ազատությունից զրկված անձանց անկողնային պարագաների տրամադրմանն առնչվող խնդիրներ,
✔ տեղաշարժման խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց համար քրեակատարողական հիմնարկում բացակայում են հարմարեցվածությունները,
✔ չեն պահպանվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի քանակական եւ որակական չափանիշները,
✔ առկա են բժշկական օգնության կազմակերպմանն առնչվող խնդիրներ (օրինակ՝ պահանջվող դեղորայքը ոչ բավարար քանակությամբ եւ տեսականիով է, արձանագրվել են ժամկետանց դեղեր, բժշկական հետազոտությունները չեն կազմակերպվում պատշաճ եւ ժամանակին, առկա են բժշկական գաղտնիքի պահպանման խնդիրներ, ոչ պատշաճ է կազմակերպվում նախնական բժշկական զննությունը, բժշկական անձնակազմի աշխատանքը գերծանրաբեռնված է եւ այլն),
✔ անհրաժեշտ է ընդլայնել ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի խրախուսման մեխանիզմները,
✔ բացակայում են վերասոցիալականացման եւ հասարակություն վերաինտեգրման պարբերական եւ համալիր միջոցառումները եւ այլն:
Նշված փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարություն եւ Քրեակատարողական ծառայություն՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը եւ աջակցելու դրանց լուծմանը:
Միաժամանակ, Պաշտպանն ընդգծել է քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմանների բարելավման կարեւորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից:
0Comments