Մեծ եւ արտահայտիչ աչքեր, անկեղծ ասմունք եւ արտիստիզմ. ահա այս հատկանիշների շնորհիվ ռուսաստանաբնակ հայուհի Աննա Եգոյանն արդեն մի քանի տարի է՝ գերում է համացանցի ոչ միայն հայ, այլեւ ռուս օգտատերերին: Հոկտեմբերի 5-ին Աննան ասմունքի երեկո ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում: «Զգացմունքների բարձրակետ» խորագիրը կրող մտերմիկ երեկոն առանձնացավ ինքնատիպ համարներով, որոնք ուղեկցվում էին Աննայի անկեղծ մեկնաբանություններով: Հանդիսատեսը երկու ժամ սիրո և ռոմանտիկ տրամադրության յուրատեսակ մթնոլորտում էր: Հնչեցին ոչ միայն հանրության կողմից հայտնի դարձած ու սիրված, այլև նոր ստեղծագործություններ, այդ թվում՝ հայ հեղինակների գործեր:
Նմանատիպ ստեղծագործական երեկո Երևանում կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ: Աննա Եգոյանը խոստովանում է՝ անհամբեր սպասում էր հայ հանդիսատեսի հետ հերթական հանդիպմանը: «Կարծում եմ՝ ամենակարեւորն ասմունքում անկեղծությունն է: Պետք է ասեմ, որ հատուկ այս երեկոյի համար ներկայացրի Համո Սահյանի և Պարույր Սեւակի գործերից: Ուրախ եմ, որ հայ հանդիսատեսի հետ մեր հանդիպումը կայացավ»,-նշում է նա:
Երեկոն անցավ ինտերակտիվ մթնոլորտում՝ հանդիսատեսի ջերմ ծափերի ներքո: Ավարտին հանդիսատեսն Աննայի հետ շփվելու հնարավորություն ունեցավ:
Աննան իր առաջին բանաստեղծությունը գրել է 14 տարեկանում:
Սկզբում նա տեսանյութերը նկարահանում էր պարզապես իր համար, բայց որոշ ժամանակ անց հասկացել է, որ մարդկանց դուր է գալիս նրա ասմունքը։ Դրանից հետո նա սկսել է տարբեր բանաստեղծություններ ընթերցել եւ հրապարակել տեսանյութեր։
0Comments