168 ժամը գրում է.Երևանի քաղաքապետ դառնալուց ամիսներ անց Հայկ Մարությանի որոշումով քանդվեց Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականություն շինությունը՝ որպես հիմք նշելով, որ այն կառուցվել է՝ առանց շինթույլտվության:
Այսօր «Անի-97» ընկերության սեփականատիրոջ շահերի ներկայացուցիչ Արամ Օհանյանն «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրել է, սակայն, որ «Անի-97» ընկերությունը դիմել է դատարան և առաջին ատյանի դատարանում շահել դատը. դատարանը որոշել է, որ շինությունը քանդելու քաղաքապետարանի հանձնարարականն անօրինական է:
Նա նաև հավելել է, որ հիմք է ստեղծվում նաև սեփականատիրոջ համար` քաղաքապետարանի դեմ վնասի փոխհատուցման հայց ներկայացնելու, և, որ փոխհատուցման չափը կարող է գերազանցել 100 միլիոն դրամը:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում չհաստատեց դատարանում քաղաքապետարանի պարտության մասին տեղեկությունը՝ պնդելով, որ այն հանրությանը մոլորեցնելու փորձ է միայն.
«Այդ լուրը պարզ դեզինֆորմացիա է, որը տարածել է դատական վեճի կողմերից մեկը, և որտեղ չի ներկայացվել երկրորդ կողմի տեսակետը. քաղաքապետարանը չի՛ պարտվել «Անի 97»-ի գործով: Օրինական ուժի մեջ մտած դատական հայտ գոյություն չունի: Ավելին՝ խոսքը վերաբերում է մի դատական հայցի, որ հակառակը՝ քաղաքապետարանն է հայց ներկայացրել, որպեսզի պարտավորեցնի «Անի 97» ընկերությանը քանդել ապօրինի շինությունը:
Առաջին ատյանի դատարանը մերժել է քաղաքապետարանի հայտը, բայց քաղաքապետարանը բողոքարկում է այդ վճիռը Վերաքննիչ դատարանում, և դա նշանակում է, որ Առաջին ատյանի ընդունած վճիռն օրինական ուժի մեջ մտած չէ, այսինքն՝ ցանկացած պնդում, թե քաղաքապետարանն այս գործում պարտվել է և պարտավորվում է անբարեխիղճ տնտեսվարողի ապօրինի շինությունը քանդելու համար գումար վճարել, ապատեղեկատվություն է և հանրությանը մոլորեցնելու փորձ»:
0Comments