Գագիկ Խաչատրյանին բերման չեն ենթարկել, նա ինքնակամ է ներկայացել. Փաստաբանը մանրամասներ է հայտնում

Երեմ Սարգսյանը հայտնեց, որ իրավապահները գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր են որոնել, սակայն այդպիսի փաստաթղթեր չկան

Առավոտվանից խուզարկություններ են կատարվել Խաչատրյանի բնակության վայրում և Ծաղկաձորում, հայտնաբերվել են օրինական զենքեր, որոնք առգրավվել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գագիկ Խաչատրյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու մասին:

Փաստաբանը հայտնեց, որ իրավապահները գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր են որոնել, սակայն այդպիսի փաստաթղթեր չկան:

Սարգսյանն ասաց, որ կազմվել է բերման ենթարկելու արձանագրություն, սակայն նման խնդիր չկա, քանի որ Խաչատրյանն առավոտվանից մասնակցում է գործողություններին, տեղյակ է եղել ամեն ինչին, իր կամքով է ներկայացել:

Խաչատրյանին կասկածում են ՊԵԿ-ում պաշտոնավարման ընթացքում կատարած ինչ-որ գործողությունների մեջ. «Սակայն ինձ համար ակնհայտ է, որ չի կարող ձերբակալություն լինել 2010 թվականի ինչ-որ դեպքի հետ կապված: Եթե նույնիսկ հանցանք կա, ձերբակալությունը ոչ իրավաչափ է, քանի որ ձերբակալում են երկու նպատակով՝ կամ հանցանքը կանխելու կամ հանցանքից անմիջապես հետո փախուստը կանխելու համար»:

Սարգսյանը հայնեց, որ Գագիկ Խաչատրյանը 2019 թվականին իրավապահների կանչով, կիսատ թողնելով Գերմանիայում իր բուժումը, վերադարձել է Հայաստան՝ տեղյակ լինելով քննվող գործի մասին. «Եթե նա փախուստի նպատակ ունենար, չէր ներկայանա: Ավելին ասեմ, ՀՔԾ-ում քրեական գործով խափանման միջոց կա արդեն 6 ամիս ստորագրություն չբացակայելու մասին»:

Խաչատրյանը կասկածյալ է, դեռ մեղադրանք չկա: Փաստաբանը հիմքեր չի տեսնում մեղադրանք առաջադրելու համար: Խաչատրյանը ցուցմունք տվել է, սակայն Սարգսյանը չի կարող դրան անդրադառնալ, նախաքննության գաղտնիքի խնդիր կա:

Ձերբակալված այլ անձ էլ կա՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա:

Փաստաբանը ոչ իրավաչափ է համարում ձերբակալությունը, պատրաստվում են բողոքարկել որոշումը: