5 մթերք, որոնք հատկապես վտանգավոր են կանանց համար

Տապակած կերակրատեսակներ

Այս մթերքները վտանգավոր են թե՛ առողջության, թե՛ կանանց արտաքինի համար։ Մասնագետները խորհուրդ են տալիս բացառել դրանք կերակրացանկից՝ փոխարինելով ավելի առողջ այլընտրանքներով։

Տապակած կերակրատեսակներ

Տապակած կերակրատեսակները վնասակար են ստամոքսի եւ աղեհամակարգի համար եւ համարվում են պոտենցիալ քաղցկեղածիններ։ Բացի այդ, համարվում է, որ դրանք բացասաբար են անդրադառնում մաշկի վրա։ Կարծիք կա նաեւ, որ տապակած կերակրատեսակների օգտագործումը կարող է նպաստել տղամարդկային հորմոնների՝ անդրոգենների արտադրման ավելացմանը, որոնք խթանում են ճարպագեղձերի գործունեությունը, ինչը հանգեցնում է մաշկային ճարպի ավելորդ արտադրմանը, որը խցանում է մաշկի ծակոտիները, եւ դա գրավում է մանրէներին, որոնք էլ առաջ են բերում բորբոքային եւ սեւ կետիկների ցան։

Մարգարին

Մարգարինը պարունակում է մեծ քանակությամբ տրանսճարպեր՝ էժան եւ վնասակար ճարպեր, որոնք կազմված են ճարպաթթուների տրանսիզոմերներից։ Տրանսճարպերը վտանգավոր են անոթների եւ սրտի առողջության համար, դրանք նպաստում են խոլեստերինի արագ կուտակմանը։ Կանանց մոտ, որոնց կերակրացանկում կալորիաների ավելի քան 2 տոկոսը բաժին է ընկնում տրանսճարպերին, կաթվածների, ուղեղի կաթվածների եւ սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը անմիջապես կտրուկ բարձրանում է։

Մակարոն եւ սպիտակ հաց

Կանայք, ովքեր շատ մակարոնեղեն եւ սպիտակ հաց են ուտում, ավելի հաճախ են բախվում սրտանոթային հիվանդությունների։ Մակարոնի, ինչպես նաեւ ալրից պատրաստված շատ այլ կերակրատեսակների օգտագործումը նպաստում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմանը։ Կանանց համար դա հատկապես վտանգավոր է, քանի որ նրանց օրգանիզմում գլյուկոզայի մակարդակի բարձրացման գործընթացներն առանց այդ էլ ակտիվանում են էստրոգեն սեռական հորմոնի ազդեցությամբ։ Արյան մեջ գլյուկոզայի նորմալ հավասարակշռության խախտումները կործանարար ազդեցություն են թողնում կանանց սրտի առողջության վրա։

Մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել թեփով ալյուրից պատրաստված հաց եւ մակարոնեղեն, որոնք հարուստ են բջջանյութով եւ վիտամիններով։

Սպիտակ բրինձ

Որոշ գիտնականներ կարծում են, որ 40 տարեկանից հետո կանանց համար ցանկալի է հրաժարվել բրնձի կանոնավոր օգտագործումից։ Այն պարունակում է զտված ածխաջրեր, որոնք բարձրացնում են շաքարի պարունակությունն արյան մեջ։ Կանանց օրգանիզմում գլյուկոզայի բարձրացման գործընթացի հետ է կապված շատ խնդիրների առաջացումը՝ ավելորդ քաշից սկսած մինչեւ դիաբետ։

Շաքար

Քաղցրի կանոնավոր օգտագործումն արագացնում է մաշկի ծերացումը՝ նպաստելով կոլագենի՝ սպիտակուցի քայքայմանը, որն ապահովում է մաշկի հարթությունը, պրկությունը։ Շաքարը նաեւ քայքայում է էլաստինը, ինչի պատճառով մաշկը դառնում է ճմրթված, անկենդան, պտոզի հակմամբ։ Տարիքի հետ կոլագենի եւ էլաստինի սինթեզն օրգանիզմում նվազում է, եւ մեծ քանակությամբ շաքարի օգտագործումը միայն արագացնում է մաշկի տարիքային փոփոխությունները։

Շաքարի եւ դրա պարունակությամբ քաղցրեղենի փոխարեն ցանկալի է օգտագործել մրգեր եւ չրեր, գրում է NEWS.am Medicine