Ստամբուլյան կոնվենցիան չարիք է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Պետրոսյանը նշեց, որ ԲՀ խմբակցությունը հարցի վերաբերյալ ունի դիրքորոշում, իսկ երբ կոնվենցիան հայտնվի Ազգային ժողովում, կլինի որոշում. «Տա Աստված, այն չհայտնվի խորհրդարանում, բայց երբ հայտնվի, մենք մեր որոշումը կհայտնենք: Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ այն ամենին, ինչ ուղղված է մեր արժեհամակարգի դեմ, սպառնալիք է մեր պետականությանը, մենք դեմ ենք: Մենք դեմ ենք քվեարկելու»:
Պետրոսյանը նշեց, որ խմբակցությունը դեռ որոշում չունի, քանի որ կոնվենցիան չի հայտնվել խորհրդարանում. «Բայց դատելով մի շարք հանգամանքներից, առաջին հերթին՝ մեր կուսակցության ղեկավարի ավանդական հայացքներից, մեր պատգամավորների կարծիքներից, մենք դեմ ենք այն ամենին, ինչը դեմ է մեր արժեհամակարգին»:
Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարի և փոխնախարարների պարզաբանումներին, Պետրոսյանը նշեց, որ կոնվենցիան կրծքով պաշտպանողները ուշադիր թող կարդան ՀՀ Սահմանադրությունը, որտեղ դատապարտվում է բռնությունը, իսկ ամուսնությունը ներկայացվում է որպես կնոջ և տղամարդու միջև դաշինք. «Ընտանիք ասելով հասկանում ենք արական և իգական սեռերի միասնությամբ ստեղծվող միավոր: Ինչի՞ մասին է խոսքը, զուգընկերներով ընտանիք: Ասում են, թե կանայք և տղամարդիկ պետք է վերանայեն իրենց սոցիալական վիճակի, կարգավիճակի, դերերի կարծրատիպերը: Սա մեզ հարիր չէ, բավական է ձևականորեն քայլել Եվրոպայի ուղղությամբ: Որտեղ պետք է, Եվրոպայի արժեքները չենք ընդունում, իսկ որտեղ պետք չէ, անմիջապես հղում ենք անում դրանց: Մենք հայ ենք, ավանդապաշտ ազգ ենք, չպետք է թույլ տալ, որ որևէ մեկը քայլի այդ ավանդությաների վրայով, թքի դրանց վրա»:
0Comments