Վարչապետ է վատացել

Հետաքրքիր է՝ եթե վարչապետը մամուլի խոսնակ ունի, ինչու է անձամբ անդրադառնում նման լուրերին

Չնայած հանգստի սեզոնին՝ կրկին վարչապետ է վատացել: Առիթը մամուլի հրապարակումներից մեկն է՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով մեկնել է Իջեւան ընկերոջ ծննդյան տոնին մասնակցելու: Փաշինյանը անձամբ անդրադարձել է լուրին ու ոչ միայն հերքել, այլեւ հերթական առիթով թիրախավորել լրատվամիջոցներին.«Ընդհանրապես ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց, բայց Սեւանից Դիլիջան ընտանեկան միջոցառման, իսկ Դիլիջանից Իջեւան ընկերոջ տարեդարձին ուղղաթիռով մեկնելը տրամաբանական չէր լինի:
Լրագրողը լուրը հրապարակելուց առաջ կարող էր հարցնել իմ մամուլի խոսնակին: Հիմա էլ էն դարը հո չէ՞, երբ երկրի ղեկավարի մամլո խոսնակը լրագրողների զանգերին չէր պատասխանում»,- գրել է նա: 
Փաշինյանը զարմանում ՝ այն մարդկանց վրա, ովքեր նման լուրերին վստահությամբ են վերաբերվում:
«Բա ժողովուրդ ջան, տասնյակ տարիներ ձեզ նման լուրերով են խաբել-թալանել, հիմա էլ ուզում են համոզել, թե էսօրվա կառավարությունն էլ է նույն կերպ ձեզ խաբում-թալանում:
Նրանց ասածի իմաստն էն է, որ մենք ավելի լավ էինք խաբում-թալանում. ընթացքում ձեզ որդնած բրինձ էինք բաժանում, ատամի պրոտեզ, ընտրակաշառք....
Իսկ մի շարք լարատվամիջոցների համար երկրում իսկապես բան չի փոխվել. նրանք ինչպես սնվել, այնպես էլ շարունակում են սնվել սերժառոբական հայրենաթալան ավարից:
Այ էստեղ՝ մեզ ուղղված քլնգոցը խիստ տեղին է, որ սրանց ձեռքը դեռ էնքան փող կա, որ բացի պեռաշկիից ուրիշ բան էլ կարող են առնել. այդ թվում լրագրող ու ցուցարար:
Բայց դե մենք սահմամափակված ենք օրենքով եւ արդյունավետ ինստիտուտների չգոյությամբ: Նաեւ այս հարցերը կլուծվեն անպայման՝ օրենքի եւ իրավունքի հիման վրա:
Ասեմ նաեւ, որ ՀՀ վարչապետի ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար, ինչպես օգտվում եմ վարչապետի ավտոմեքենայից, աշխատասենյակից, հատուկ կապից: Սրանից իրադարձություն պետք չի սարքել»:

Հետաքրքիր է՝ եթե վարչապետը մամուլի խոսնակ ունի, ինչու է անձամբ անդրադառնում նման լուրերին: «Սիրո և հանդուրժողականության» կարգախոսով ու վենդետտաներ չանելու խոստմամբ իշխանությունը վերցրած Նիկոլ Փաշինյանը արդեն մեկ տարի է հակառակ մթնոլորտն է ապահովում, հերթական առիթը նա չէր կարող բաց թողնել: Վրեժխնդրությունը դարձել է փաշինյանական իշխանության գլխավոր այցեքարտը: Սիրո և հանդուրժողականության փոխարեն հանրությունը ստացավ սևերի ու սպիտակների բաժանում, երկրում մոլեգնում է ատելության ու թշնամանքի մթնոլորտը: Մեկ տարի է անցել, բայց նա կրկին ներքին թշնամու փնտրտուքների մեջ է, անգամ լրատվամիջոցների թիկունքում նա տեսնում է նախկիններին՝ չտեսնելով, որ այս ճանապարհն այլեւս սպառել է իրեն ու մարդկանց սպասումները ոչ թե նախկիների հետ է կապված, այլ հեղափոխականների: Ակնհայտ է, որ Փաշինյանը դատական իշխանության հետ հաշիվները մաքրելուց հետո անցնելու է չորրորդ իշխանության ներկայացուցիչներին եւ փորձելու է ասպատակել նաեւ այս ոլորտում, կստացվի, թե ոչ, ցույց կտա ժամանակը:

Ծանր մանկություն տեսած մարդկանց պես Նիկոլ Փաշինյանը բոլոր տեղերում ուզում է, որ ինքը միակը լինի, միակ քաղաքական գործիչը, միակ ընդդիմադիրը, միակ խմբագիրը, միակ պոպուլիստը, միակը, միակը, միակը… Վանոսիրադեղյանական ոճով նա պատրաստ է նույնիսկ բռնապետական ճանապարհով կերտել իր անառիկությունն ու եզակիությունը: Նա լրատվամիջոցներին մեղադրում է նախկինների փողի ազդեցությամբ գործելու մեջ, բայց եթե մի քիչ լավ հետ նայի, կտեսնի, որ թե ինքը, թե իր քաղաքական կնքահայրը չեն զիջում նախկիններին, Նիկոլ Փաշինյանը դեռ մեկ տարվա վարչապետ է, բայց ֆանատ լրատվամիջոցներ ունի: Այնպես որ, մի կորցրեք ինքնատիրապետումը, եթե անգամ իրականությունը հաճելի չէ լսել ուրիշի շուրթերից, եւ հանգիստ նստեք տեղներդ: Անի Սահակյան hayeli.am