Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու հիմքը կանխատեսական բնույթ է կրում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24–ին Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց Ռոբեր Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազ Պետրոս Պետրոսյանը։
Ըստ նրա՝ քննիչը Քոչարյանի գույքի վրա կալանք դնելը գնահատել է հավասարակշռության և ողջամտության համատեքստում.
«Քննիչը գնահատել է, որ կարող են լինել մեծաքանակ դատական ծախսեր, գույքի բռնագանձում հեռագայում արդեն Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագում և այդ համատեքստում ողջամիտ են կասկածներն առ այն, որ գույքը հետագայում չբռնագանձվելու նպատակով օտարվի կամ փչացվի»,–ասաց նա։
Նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանը մեղադրողներից հետաքրքվեց, թե ինչու՞ է քննիչը կալանք դրել Քոչարյանի ամբողջ գույքի վրա։
Ի պատասխան՝ դատախազ Վահե Դոլմազյանն ասաց, որ նախաքննական մարմինը դատական ծախսերի վերաբերյալ պատկերացում չի ունեցել, հետևաբար չի իմացել Քոչարյանին պատկանող որ գույքի վրա կալանք դնի, որի վրա՝ ոչ։
«Այսինքն եթե չեք ունեցել թիվ, նշանակում է պետք է կալանք դնեիք ամեն ինչի վրա՞»,–արձագանքեց դատավորը։
Դոլմազյանը պատասխանեց, որ կալանք դնելու պահին քննիչ ամեն ինչի մասին պատկերացում չի ունեցել։
«Այսինքն եթե քննիչը չունի պատկերացում, թե ինչի վրա է կալանք դնում, ինքը պետք է կալանք դնի ամեն ինչի վրա՞»,–հարցերեց Նիկողոսյանը։
Դոլմազյանը պարզաբանեց, որ քննիչը կանխատեսում է արել դատական ծախսի չափի վերաբերյալ և դրան համաչափ որոշում է կայացրել գույքի վրա կալանք դնել։
Այնուհետև դատավորը հետաքրքրվեց, թե Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայումս քաղաքացիական հայց ներկայացվա՞ծ է , ինչին ի պատասխան դատախազ Պետրոս Պետրոսյանը պատասխանեց, որ ոչ։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելուց օրեր անց՝ 2018թ. հուլիսի 30-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ նրա ամբողջ գույքի վրա կալանք է դրվել։
Արգելանք էր դրվել նաեւ Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն Մարդու իրավուքնների պաշտպանի պահանջով հանվել էր:
Առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քննելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը, հունիսի 7–ին որոշում էր կայացրել և արձանագրել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախատումը, իսկ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժել։
Դատախազությունը, սակայն համարում է, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ որոշումն օրինական է և բողոքարկել է այս որոշումը։
0Comments