Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը օրերս հայտարարեց, որ հայաստանյան շուկան հետաքրքրում է բյուջետային ավիաընկերություններին: Վերջիններիս հայաստանյան ավիաշուկա բերելու, օդի տուրքի վերացման, Շիրակ օդանավակայանի ապագայի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի հետ:
-Օրեր առաջ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտարարեց, որ հայաստանյան շուկան հետաքրքրում է բյուջետային ավիաընկերություններին: Նրանց հայկական շուկա ներգրավելու, այսպես ասած, շուկա բերելու համար առաջարկվում է նոր ուղղությունների համար հանել 10 հազար դրամ օդի տուրքը, ինչպես նաև առաջարկվում է իջեցնել «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունների գները: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի շուրջ:
-10 հազար դրամ օդի տուրքի հանումն ամենալավ բանն է, որ կարող է տեղի ունենալ ավիացիոն շուկայում: Մենք արդեն 10 տարի է խնդրում ենք դա անել, և եթե հնարավոր լինի, թե՛ մենք, թե՛ ավիաընկերությունները, և թե՛ ուղևորները նույնպես շատ ուրախ կլինեն: Ակնհայտ է, որ օդանավակայանը շատ շահագրգռված է Հայաստանի շուկա նոր ավիաընկերություններ, այդ թվում՝ բյուջետային ընկերություններ բերելու հարցում:
-Գյումրու «Շիրակ» օդանավակայանում չի գործում 10 հազար դրամ օդի տուրքը: Ի՞նչ է հիմա կատարվում օդանավակայանում: Որո՞նք են ձեր ծրագրերը:
-3 տարի առաջ «Շիրակ» օդանավակայանում մեր ուղևորահոսքը զրո էր: Բյուջետային ավիաընկերություններին ներգրավելու համար ՀՀ կառավարությունը որոշեց հանել 10 հազար դրամ օդի տուրքը, իսկ մենք մեր սակագները 75% նվազեցրինք: Այս հսկայական խթանից հետո առաջին բյուջետային ավիաընկերությունը՝ «Պոբեդան», մուտք գործեց շուկա, և 2 տարի հետո մեզ հաջողվեց ուղևորահոսքը հասցնել շուրջ 200 հազարի: Միաժամանակ մենք սկսեցինք նորացնել «Շիրակ» օդանավակայանի ամբողջ ենթակառուցվածքը, որն արդեն հնացած էր: Վերջին 2 տարվա ընթացքում մենք ներդրել ենք 4 մլն ԱՄՆ դոլար և նախատեսում ենք ներդնել ևս 5 մլն ԱՄՆ դոլար մոտակա 2 տարվա ընթացքում, որի արդյունքում 8 տարվա ընթացքում ընդհանուր ներդրումը կկազմի 20 մլն ԱՄՆ դոլար: Ակնկալում ենք, որ մեր այդ ջանքերի շնորհիվ ավելի շատ բյուջետային ավիաընկերություններ կգան և չվերթեր կիրականացնեն դեպի Գյումրու օդանավակայան, ինչը կխթանի տարածաշրջանի և, անշուշտ, Գյումրի քաղաքի տնտեսության զարգացմանը:
-Եթե բյուջետային ավիաընկերությունները սկսեն չվերթեր իրականացնել «Զվարթնոց» օդանավակայան, ապա ի՞նչ վիճակ կստեղծվի «Շիրակ» օդանավակայանում:
-Ինչպես արդեն նշեցի, «Շիրակ» օդանավակայանը գործարկվել էր բյուջետային ավիաընկերություններ բերելու և տարածաշրջանը զարգացնելու համար: Սա մի հայեցակարգ է, որը գործում է ամբողջ աշխարհում, այն է՝ բյուջետային ավիաընկերությունները թռիչքներ են իրականացնում երկրորդային օդանավակայաններ: Լավագույն օրինակը Քութայիսիի օդանավակայանի օրինակն է, նունը տեղի է ունենում նաև շատ եվրոպական երկրներում: Եթե բյուջետային ավիաընկերություններ գան Երևան և նրանց կողմից սովորաբար պահանջվող մեծ խթաններ տրամադրեն նրանց, այդ ժամանակ ես, իհարկե, կասկածի տակ կդնեմ Գյումրու օդանավակայանի ապագան:
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ բոլորիս նպատակը և ցանկությունը ավիացիոն շուկայում հայկական, հայաստանյան ընկերություններ ունենալն է: Ի՞նչ կարծիք ունեք այս առաջակի վերաբերյալ:
-Ուղևորափոխադրումները խթանելու վերաբերյալ ցանկացած լավ որոշում միշտ կունենա մեր աջակցությունը: Մենք կապի մեջ ենք հնարավոր ներդրողների հետ և որպես օդանավակայանի կառավարիչ՝ պատրաստ ենք լուրջ աջակցություն տրամադրել ցանկացած ողջամիտ նախաձեռնության: Հայաստանը լավ օդաչուներ, ինժեներներ, ուղեկցորդներ ունի, ովքեր ներկայում աշխատում են տարբեր երկրներում, և ուրախ կլինենք նրանց բերել Հայաստան և հնարավորություն տալ աճել իրենց սեփական երկրում: Մենք ցանկացած նման նախաձեռնությանը շատ կողմ ենք:
-Ինչպե՞ս կարող եք աջակցել:
-Որպես տեղական ավիաընկերություններ՝ նրանք միշտ էլ կարող են իրենց օդանավերը մեզ մոտ բազավորելիս օգտվել առավելություններից: Մենք ակտիվ կապի մեջ ենք նրանց հետ և բանակցությունները դրական ուղղությամբ են ընթանում: Չեմ ուզում մանրամասնել, սակայն կարող եմ վստահեցնել, որ մենք երբևէ չենք խոչընդոտի տեղական ավիաընկերությունների զարգացմանը, ավելին՝ կդառնանք նրանց լավագույն գործընկերը:
-Իրատեսակա՞ն եք համարում, որ «Զվարթնոց» օդանավակայանում հայաստանյան և բյուջետային ավիաընկերություններն իրար կողքի կարողանան գործել:
-Լավ հարց է: Գուցե, դա ուղղեք տեղական ընկերությունների՞ն: Ես անձամբ չեմ կարծում, որ որևէ տեղական ավիաընկերություն կարող է նման սցենարի դեպքում գոյատևել:
-Շատ հաճախ խոսվում է «Զվարթնոց» օդանավակայանի բարձր գների մասին: Ո՞րն է իրականությունը: Արդյո՞ք գները բարձր են:
-Սակագների հարցը բոլոր տեղերում նույնն է: Ամբողջ աշխարհում ավիաընկերությունները միշտ դժգոհում են, և բոլորը նույն հայտարարությունն են կրկնում: Սակայն եթե ինչ-որ մեկը գնա տարածաշրջանի մյուս օդանավակայաններում մեր օդանավակայանի սակագները համեմատի ուղևորների միևնույն թողունակությամբ մեկ այլ օդանավակայանի սակագների հետ, կարող է տեսնել, որ մենք նույն մակարդակի վրա ենք, նույնիսկ ավելի էժան: Իհարկե, դրանց ավելանում է 10 հազար դրամ ելքի տուրքը, «Զվարթնոց» օդանավակայանից մեկնելը մոտ 40%-ով ավելի թանկ է դառնում:
-Ինչո՞ւ են բոլորն ասում, որ տոմսերի գները բարձր են:
-Սա մեկ այլ նուրբ հարց է: Վերադառնանք 6 տարի առաջ, երբ «Արմավիա»-ն թռիչքներ էր իրականացնում դեպի Մոսկվա և ռուսական տարբեր ուղղություններով: Ավիատոմսի գինն այդ ժամանակ երկու ուղղությամբ 500-600 ԱՄՆ դոլար էր: Այդ ժամանակ բաց երկնքի քաղաքականության մասին հայտարարված չէր, իսկ դեպի Մոսկվա օրական իրականացվում էր 8-9 չվերթ: Այսօր հնարավոր է Մոսկվայի տոմս ձեռք բերել 200 ԱՄՆ դոլարով կամ անգամ ավելի ցածր գնով: Դա դեռ թա՞նկ եք համարում: Այսօր մենք օրական 20 չվերթ ունենք դեպի Մոսկվա: Այս ազատ մրցակցությունը տոմսերի գները դարձնում է ավելի էժան: Իսկ եթե նշենք «Շիրակ» օդանավակայանից «Պոբեդայի» իրականացրած չվերթերը, ավիատոմսերի գները շատ ավելի էժան կլինեն:
Ինչ վերաբերում է եվրոպական շուկային, այստեղ հարցը մի փոքր ավելի բարդ է, դրա համար էլ, կարծում ենք, որ ցանկացած զարգացում ՝ տեղական ավիաընկերություն, բյուջետային ավիաընկերություն, կարող է օգնել: Չնայած դրան՝ այս իրավիճակը շատ տարածված է ամենուրեք: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ճամփորդել, այսպես կոչված, «պիկ» շրջանում, դժվար է էժան տոմսեր գտնել: Ապրիլ ամսվա ընթացքում մենք հրապարակեցինք տարբեր ուղղություններով տոմսերի գները և դրանք բավականին ողջամիտ էին: Մենք բոլորին խորհուրդ ենք տալիս փորձել ամրագրումներն անել նախապես:
-Ի՞նչ վիճակագրական տվյալներ ունենք «Զվարթնոց» օդանավակայանում, որքա՞ն ուղևորահոսք ենք ունեցել նախորդ տարի և որքա՞ն է այս տարի նախատեսվում: Օդանավակայանի պայմանները որքա՞ն ուղևոր են թույլ տալիս սպասարկել:
-2018թ. մենք սպասարկել ենք 2.690.000 ուղևորի: Եթե ամեն ինչ շարունակվի այսպես, մենք նախատեսում ենք 2019թ. ամփոփել 3 մլն. ուղևորահոսքով: Դա կազմում է վերջին 4 տարիների ընթացքում մոտ 55% աճ և բավականին տպավորիչ արդյունք է, որը ցույց է տալիս, որ ավիացիոն շուկան ճիշտ ուղղության վրա է: Մենք ակտիվ բանակցություններ ենք վարում տարբեր ավիաընկերությունների հետ 2020-ի ամռան համար, որպեսզի ավելացնենք չվերթների, ուղղությունների և հաճախականությունների քանակը: Նստեցման հատվածի թողունակությունը մոտ 3.5 մլն ուղևոր է, ներկայում մենք աշխատում ենք ընդլայնման ծրագրի վրա և ակնկալում ենք այն կառավարությանը ներկայացնել մի քանի ամսից: Կառավարության հավանությունը ստանալուց անմիջապես հետո մենք կշարժվենք առաջ: Մեր նպատակն է կառուցել օդանավակայան, որը կկարողանա սպասարկել տարեկան 10 մլն. ուղևորի:
0Comments