Ես պատրաստ էի դժվարությունների, գիշեր-ցերեկ աշխատելու, միակ բանը, որ չէի պատկերացնում, անօրինությունների ու բացթողումների քանակը, ինչի հետ ես առնչվելու էի: «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ի պատասխան հարցին, թե պատրաստ էր այս աշխատանքին:
Նա նշել է, որ 20-25 տարվա խնդիրները վերագրվում են իրեն, այդ թվում՝ տրանսպորտի, վերելակների խնդիրները:
Հարցին, թե համաձայն է, որ քաղաքը հիմա ավելի փնթի է դարձել, նա պատասխանել է. «Ամենակարևորն այստեղ գիտակցելն է, թե ով է պատասխանատու քաղաքում աղբահանության և սանմաքրման համար, իհարկե քաղաքապետարանն է: Եվ մենք գիշեր-ցերեկ աշխատում ենք այդ ուղղությամբ»: Նա հիշեցրել է, որ «Սանիթեքը» 2017-ից սկսել է թերանալ իր աշխատանքներում, իսկ 2018-ին հասել է պիկին, իսկ այս տարի փետրվարին աշխատանքն ավելի է վատացել: Ըստ քաղաքապետի՝ ընկերության մեքենաներն ահավոր վիճակում են գտնվում, չեն արվել ընթացիկ ճիշտ աշխատանքներ ու ներդրումներ՝ իր կարծիքով: Ինքը ստիպել է վերցնել կապալառուներ և այդպես աշխատել:
««Սանիթեքը» տարեկան 16 հազար աղբաման պետք է ապահովի, սակայն արվում է մոտավորապես 4000-ը, մինչև 5000-ը: Մարդիկ ամեն օր նկարներ են ուղարկում, թե քաղաքապետը չգիտի, թե ինչ է կատարվում»,-ասել է նա՝ հավելելով, որ իր օրը սկսվում է շրջաններ այցելելով:
«Որպեսզի աղբահանությունը լավանա, պետք է տեխնիկա և մարդիկ»,-նկատել է նա:
Դիտարկմանը, թե շրջանառվում են խոսակցություններ, թե նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նույնիսկ եթե կոռուպցիայի մեջ կար, բայց գործ էր անում, նա արձագանքել է. «Բա եթե գործ էր անում, ինչո՞ւ են վերելակներն այդ վիճակում, ինչո՞ւ է տրանսպորտն այս վիճակում, ինչո՞ւ են 15 տարեկան «Գազել»-ներն այս քաղաքում, կամ նախորդները…, եթե աշխատում էին, ինչո՞ւ է այսպիսի վիճակ»:
Տրանսպորտի մասին խոսելով՝ նա ասել, որ չի կարելի բարձրացնել գին՝ առանց որակի բարձրացման, իսկ վիճակի բարելավման համար ժամանակ է պետք, բայց արագ տեմպերով աշխատում են անգլիական ընկերության հետ՝ հարմարավետ, «մարդուն վայել» ձևով օգտվեն տրանսպորտից. «Դա լինելու է առնվազն 2 տարվա ընթացքում, եթե կա մեկը աշխարհում, որ կասի՝ կարող եմ ավելի արագ անել, ես կծառայեմ այդ մարդուն»:
Նա հավելել է, որ մանկապարտեզները կոպեկներով վաճառվել են ինչ-որ մարդկանց: «Գալիս են մարդիկ, բերում են բազմաֆունկցիոնալ շենքի պրոյեկտ, տեսնում ենք՝ հողը այգում է, նայում ենք, տեսնում ենք, որ 2012-ին այդտեղ գրեթե անտառ է:
Չեմ թույլ տալու, ինձ չի հետաքրքրում՝ ինչ է լինելու, ես թույլ չեմ տալու, որ կանաչ տարածքում լինի շենք, ինչ ուզում են, թող անեն»,-հայտարարել է Երևանի քաղաքապետը:
0Comments