Երեւանի քաղաքապետարանն ամփոփել է 2019 թվականի առաջին կիսամյակը

Մայրաքաղաքում շարունակվում է փողոցների բարեկարգման տարեկան ծրագիրը

Ամփոփվել են 2019թ. առաջին կիսամյակի պլանային եւ հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երեւան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.9 տոկոս: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։ 

Փաստացի հավաքագրված գումարն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1.7 մլրդ դրամով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել եկամուտների հավաքագրման գործընթացը:

***

Մայրաքաղաքում շարունակվում է փողոցների բարեկարգման տարեկան ծրագիրը: 2019թ. շուրջ 600 հազար քմ ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն: Կարեւորելով երթեւեկության ու հետիոտնի անվտանգությունը՝ քաղաքապետ Մարությանը հանձնարարել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ տանել գծանշումների ապահովման ուղղությամբ:

***

Երեւանում շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առեւտուրն արգելելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 25 արձանագրություն: Հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը մի շարք քրոնիկ վայրերում:

***

Ամենօրյա ստուգայցեր են իրականացվում նաեւ շինհրապարակներ: Քաղաքապետին զեկուցվել է, որ շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար նախորդ շաբաթ կազմվել է 26 արձանագրություն:

***

2019թ. հունիսին Երեւանի մետրոպոլիտենը տեղափոխել է 1 մլն 641 հազար 29 ուղեւոր: Քաղաքապետին զեկուցվել է, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելի է 9,6%-ով:

***

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում նախորդ շաբաթ վերականգնվել է 353 լուսակետ:

***

Մայրաքաղաքում շարունակվում են Բաբաջանյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները: Նատրիումային լուսատուները կփոխարինվեն ժամանակակից, էներգախնայող լուսադիոդային լուսատուներով:

***

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել, ստերջացվել եւ համարակալվել է 102 շուն, որից երկուսին ի պահ են վերցրել կենդանասերները:

***

Նախորդ շաբաթ մայրաքաղաքում ծնվել է 431 երեխա՝ 237 տղա, 194 աղջիկ:

***

Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերում գործող «թեժ գծի» հեռախոսահամարներով նախարոդ շաբաթ ստացվել է շուրջ 1087 հեռախոսազանգ, որից 691-ին տրվել է լուծում, իսկ 396-ի ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, գրում է news.am: