Ստորին վերջույթների այտուցը բավական տարածված խնդիր է, որն էլ ավելի ակնհայտ է դառնում հեղուկի չարաշահման դեպքում, ինչպես նաև երկար ժամանակ կանգնած անցկացնելու կամ քայլելու դեպքում: Ընդ որում՝ առավել հաճախ այտուցներն անհանգստացնում են երեկոյան ժամերին:
Սակայն խնդիրն այն է, որ մարդիկ ոչ միշտ են պատշաճ ուշադրություն դարձնում այս ախտանշանին և հաճախ պարզապես անտեսում են այն: Այնուամենայնիվ՝ հարկ է հիշել, որ օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած տհաճ փոփոխություն վկայում է առողջական խնդիրների մասին, և այտուցները նույնպես բացառություն չեն:
Ստորին վերջույթների այտուցների առաջացման հնարավոր պատճառների շարքին են դասվում երակային անբավարարության, երակների վարիկոզ լայնացման, խորանիստ ու մակերեսային երակների թրոմբոֆլեբիտի դեպքում արյան շրջանառության խանգարումները, ինչպես նաև ավշային համակարգի աշխատանքի որոշ խանգարումները:
Ստորին վերջույթների այտուցներով են դրսևորվում.
Երակների վարիկոզ լայնացումը,
Մակերասային ու խորանիստ երակների թրոմբոֆլեբիտը,
Լիմֆոստազը,
Լիմֆանգիոման:
Նման խնդրի դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին՝ անոթաբանին, որը կանցկացնի անհրաժեշտ բուժզննումն ու կնշանակի համապատասխան բուժումը:
Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է վտանգավոր լինել առողջության համար և էլ ավելի վատացնել հիվանդի վիճակը: Միայն մասնագետը կարող է հստակ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի և՛ արդյունավետ, և՛ անվտանգ:
0Comments