Բրիտանական Blueclaw մարքեթինգային գործակալությունը կազմել է Երկիր մոլորակում կյանքին սպառնացող հիմնական վտանգների ցանկը: Զեկույցը հրապարակվել է How Will The World End հատուկ ռեսուրսի կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ցուցակի հիմքում 50 տարբեր աղբյուրներ են՝ ներառյալ ՄԱԿ-ի վիճակագրությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, ՆԱՍԱ-ն: Հեղինակներն առանձնացրել են 4 հիմնական սպառնալիք՝ համաճարակները, միջուկային պատերազմը, բնական աղետները, ինչպես նաեւ Երկրի հետ երկնաքարի բախումը:
Մահացու հիվանդություններից գործակալությունն առանձնացրել է տուբերկուլոզը, մալյարիան, սեզոնային գրիպը, Էբոլա վարակը, մենինգիտը, թոքային եւ ավշային ժանտախտը, Լասա տենդը, խոլերան, դեղին տենդը, Մարբուրգ վիրուսը: Ամենավտանգավոր հիվանդությունը համարվել է տուբերկուլոզը, որի ամենահավանական օջախներն են աֆրիկյան երկրները, մասնավորապես, Նիգերիան: ԱՀԿ-ի տվյալներով՝ 2017 թվականին այդ հիվանդությունից մահացել է 2 մլն մարդ 10 մլն վարակվածներից:
Ամերիկյան Bulletin of Atomic Scientists պարբերականի փորձագետները գնահատում են միջուկային պատերազմի հավանականությունը շատ բարձր վերջին շրջանում: Ընդ որում՝ 2021 թվականին լրանում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքված ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման մասին СНВ-III համաձայնագրի ժամկետը, եւ դեռ պարզ չէ՝ կերկարացվի այն, թե ոչ:
Համաձայն բաց տվյալների՝ իր միջուկային պատմության ընթացքում ԱՄՆ-ն անցկացրել է ամենամեծաքանակ փորձարկումները՝ թվով՝ 1030, որոնցից վերջինը՝ 1992 թվականին: Մինչդեռ Ռուսաստանն անցկացրել է 715 փորձարկում, սակայն Մոսկվան մշակել էր պատմության մեջ ամենահզոր ռումբը՝ ՌԴՍ-202-ը, որը նաեւ կոչվում է «Ցար ռումբ»: Գործակալության գնահատմամբ՝ մարդկությունն ամբողջովին ոչնչացնելու համար ԱՄՆ-ին անհրաժեշտ կլիներ կատարել 5351 պայթյուն, իսկ Ռուսաստանին՝ 4206:
Երկրի հետ երկնաքարի բախումը քիչ հավանական է, սակայն ՆԱՍԱ-ն հետեւում է երկնային մարմիններին, որոնք կարող են մոտենալ մեր մոլորակին առաջիկա 10 տարվա ընթացքում: Այդպիսի երկնաքարերից մեկը Florence-ն է, որն ունի 3.9 կմ տրամագիծ եւ համարվում է պոտենցիալ վտանգ ներկայացնող օբյեկտ: Դրա հարվածը կհանգեցներ 1.2 մլրդ մարդու մահվան:
Երկրի համար հիմնական կլիմայական սպառնալիքը գլոբալ տաքացումն է: Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական փորձագիտական խմբի տվյալներով (IPCC)՝ 2025 թվականին մեր մոլորակում օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ եւս 2 աստիճանով ըստ Ցելսիուսի: Տաքացման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում (0.2 աստիճան 10 տարվա ընթացքում) գլոբալ ջերմաստիճանը կբարձրանա 44-ի 2136 թվականին: Մասնագետների գնահատմամբ՝ այդ ջերմաստիճանը կսպառնա կյանքին Երկրի մոլորակում. այդ ցուցիչին հասնելու դեպքում համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա այնքան, որ կհեղեղի ցամաքը:
0Comments