«Ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեի, այլ ընդհանրապես հանրային ծառայողի, պետական ծառայողի աշխատավարձերի հետ կապված խնդիր կա, որովհետև եթե ուզում ենք ներգրավել որակյալ աշխատողներ, ուրեմն պետք է ապահովենք արժանապատիվ աշխատավարձ կամ արժանապատիվ եկամուտ»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2018թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Ըստ նրա՝ ՊԵԿ-ում ամենամսյա տրվող պարգևատրումները տրվում են կատարողականի երկու խումբ գործակիցների հիման վրա՝ մարդկային դիմանկարը նկարագրող ցուցանիշների 30%-ին գումարվում է պրոֆեսիոնալ գործունեության ցուցանիշների 70%-ը և այդ 0.3-1.3 գործակիցների շրջանակում յուրաքանչյուր անձ ամեն ամիս գնահատվում է. «Իսկ այդ յուրաքանչյուր անձի պարգևատրումը հաշվարկում եմ անձամբ ես: Հետևաբար՝ եկեք պայմանավորվենք, որ կա համակարգ, և այդ համակարգի վերահսկողությունն ուղղակի կատարվում է իմ կողմից: Դա մի քիչ ծանր գործընթաց է, բայց էդ գործընթացի նկատմամբ մենք պետք է ունենանք շատ խիստ վերահսկողություն»,- ասել է նա:
Դավիթ Անանյանի այս հայտարարությունը դիտարժան է 2 առումով. առաջին` Անանյանը կարծես թե ակամա խոստովանել է, որ ինքը, լինելով նախկին համակարգի կադր, զբաղվել է կոռուպցիայով: Հակառակ պարագայում պետք է ընդունել, որ Անանյանը, իր իսկ բառերով ասած, այնքան էլ որակյալ կադր չէ, այլապես չէր աշխատի պետական համակարգում, որովհետև այնտեղ չկա իր պատկերացրած արժանապատիվ վարձատրությունը: Մյուս կողմից` Անանյանի հետևողական նախանձախնդրությունը` պահպանելու իր համակարգի աշխատողների պարգևատրումներն անշուշտ գովելի է: Բայց պետությունը չի սահմանափկվում սոսկ ՊԵԿ աշխատողներով, ուստի պատկան մարմինները պարտավոր են մտածել նաև ուսուցչի, բժշկի, գիտնականի ու սպայի արժանապատիվ վարձատրության մասին: Իսկ ի՞նչ է անում պետությունն այդ ուղղությամբ: Ասել, թե ոչինչ չի անում, շատ մեղմ կլինի, որովհետև պետությունը, բացի այն, որ նկատելի աշխատավարձերի բարձրացում չի ապահովում, նաև հարկային օրենսդրության փոփոխությամբ ճիշտ հակառակն է անում` պետական համակարգում աշխատողների վարձատրությունը պատրաստվում է իջեցնել:
Ինչպես հայտնի է, անցած տարվա կեսից աշխատողների կողմից կենսաթոշակային հիմնադրամներին վճարվող 5 տոկոսը կառավարությունը իջեցրեց 2,5 տոկոս։ Կառավարությունը մտադիր է հետ գնալ նախկին հարաբերակցության։ Այսինքն` եկամտահարկի 23 տոոկս միասնական դրույքաչափի կիրառման դեպքում ցածր եկամուտ ունեցողները, ովքեր այժմ էլ 23 տոկոս են վճարում, կուտակային ֆոնդերին պետք է վճարեն նաև հավելյալ 2,5 տոկոս: Այսինքն` այս խավի մարդկանց աշխատավարձը ճիշտ այդքանով նվազելու է: Իսկ պետությունը չունի այնքան բարոյականություն, որ նրանց ևս մարդկային կամ պրոֆեսիոնալ գործունեության ցուցանիշների մարդկային դիմանկարը նկարագրող ցուցանիշների հիման վրա պարգևատրումներ տա բոլոր բյուջետային աշխատողներին:
Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իրենք չեն վարելու աղքատության խրախուսման քաղաքականություն։ Ներողություն` ասելով հո չի, բա ի՞նչ է ձեր արածը:
0Comments