Հայաստանում հրդեհները շատացել են. Ցոլակյան

Հունիսի 3-ին հանրապետությունում հրդեհի 69 դեպք ենք ունեցել, հունսի 4-ին՝ էլի 60-ից ավելի

ԱԺ-ում այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրել է, որ հրդեհները շատացել են:

«Հունիսի 3-ին հանրապետությունում հրդեհի 69 դեպք ենք ունեցել, հունսի 4-ին՝ էլի 60-ից ավելի: Դրանք զոնաներով են գնում: Հիմա հրդեհները ակտիվ են Արարատյան դաշտում: Հետո այն կտեղափոխվի նախալեռնային, ապա լեռնային շրջաններ: Առայժմ կարող ենք դիմագրավել»:

Նրա խոսքով` անտառներում առաջացող հրդեների հետ կապված աշխարհում տեխնիկա չկա, Հայաստանի ռելիեֆի համար՝ առավել ևս:

«Խոսրովի անտառը մյուս անտառների հետ չի կարելի համեմատել: Խոսրովի անտառը հլը ցանցառ է, իսկ մյուս անտառներում խիտ է բուսականությունը, մտնել հնարավոր չէ, միայն մարդկային ռեսուրսով է հնարավոր լինում հանգցնել: Օդուժի հնարավորության մասին էլ ենք խոսել: Եթե դա ունենանք, լավ կլինի, բայց դա, եթե ասենք հիմնովին կլուծի հարցը, էդպես չէ: Նույնը կարկտակայանների հարցում: Աշխարհում չի ստեղծվել մի մեթոդ, որ 100 տոկոսով փրկում է կարկուտից, հետևաբար, այն, ինչ մենք օգտագործում ենք, չի կարող 100 տոկոսով պաշտպանել»:

Նախարարը նաև նշեց, որ կան կարկտաբեր բարձր և ցածր ամպեր: Բարձր ամպերի դեպքում պետք է օգտագործել հրթիռային կարկտակայաններ: Դա ունենալու հարցը դեռ քննարկման փուլում է, միջազգային կազմակերպությունների հետ էլ կա պայմանավորվածություն:

«Մենք ցանկանում ենք նախ` մի քանի հատ բերել, փորձել, ցանց ստեղծել, հասկանալ արդյունավետությունը և հետո միայն զինել անհրաժեշտ քանակով»: