ՀՀ ԱԱԾ տնօրենը դժգոհություն է հայտնել ֆինանսավորումից

Մեկ փոքր գաղտնալսող սարքի արժեքը կարող է հասնել մի քանի տասնյակ դոլարի

Գերատեսչությանը հատկացվող միջոցները բավականացնում են միայն նվազագույն պահանջմունքների բավարարմանը։ Այս մասին 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, պաշտպանության եւ անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի հունիսի 5-ի նիստում ասել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝  նրանք ստիպված են հաշվի նստել գոյություն ունեցող իրականության հետ։ «Ինչ ունենք, դրանով էլ աշխատում ենք եւ կատարում մեր պարտականությունները։ Բայց ցանկալի կլիներ մշտապես արդիականացնել եւ բարելավել մեր տեխնիկական հնարավորությունները։ Տեխնիկան ամեն օր փոխվում է, արագ զարգանում, եւ խոսքը հսկայական միջոցների մասին է։ Մեկ փոքր գաղտնալսող սարքի արժեքը կարող է հասնել մի քանի տասնյակ դոլարի»,- դժգոհել է Վանեցյանը։

Նա նշել է, որ այսօրվա դրությամբ կարեւոր է նաեւ ծրագրային ապահովման հարցը։ «Այսօր, խոսելով տեխնիկական հագեցման մասին, մենք նկատի ունենք նաեւ պետական կայքերի անվտանգության հարցը։ Կայքերի թիվն ավելանում է եւ, համապատասխանաբար, աճում է աշխատանքի ծավալը։ Այն սերվերները, որոնք պետք է ձեռք բերվեն եւ որոնց անվտանգությունն անհրաժեշտ է ապահովել, հսկայական գումարներ են պահանջում»,- ընդգծել է ԱԱԾ ղեկավարը։Ընդ որում՝ նա ձեռնպահ է մնացել կոնկրետ գումարներ նշելուց՝ ասելով միայն, որ չկա կոնկրետ թիվ, որը կարելի լիներ նշել եւ ասել, որ այդ միջոցները բավական կլինեին։ «Այն միջոցները, որոնք այսօր հատկացվում են, բավական են միայն նվազագույն պահանջմունքների բավարարման համար։ Եթե լինեն լրացուցիչ միջոցներ, ապա մենք միայն շնորհակալ կլինենք եւ կկարողանանք ավելի արդյունավետ լուծել մեր առջեւ դրված խնդիրները»,- ասել է նա։