Հուլիսին կստանան․ Տոնոյանը զինծառայողների վարձատրության բարձրացման մասին

Ե՛վ առանձնահատուկ պայմաններն են հաշվարկվելու, որոնք միաժամանակ բարձրանում են, և՛ ծառայության հավելավճարը

Հունիսից բարձրացող աշխատավարձ-բավարարումները պայմանագրային զինծառայողները կստանան արդեն հուլիս ամսին։ Այս մասին այսօր հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա բացատրել է, որ ձևակերպումների համաձայն՝ բարձրանում է բավարարումը։

«Ե՛վ առանձնահատուկ պայմաններն են հաշվարկվելու, որոնք միաժամանակ բարձրանում են, և՛ ծառայության հավելավճարը», – ասել է Տոնոյանը։

Խոսքը, հիշեցնենք, գրեթե 20 տոկոս բարձրացման մասին է, ինչի վերաբերյալ որոշումն ընդունել է կառավարությունը՝ որոշելով սպասվածից ավելի հավաքագրված հարկային եկամուտների մի մասն ուղղել զինծառայողների վարձատրության բարձրացմանը։ Կառավարության այդ նիստի ժամանակ նախագիծը ներկայացնելիս ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանն ասաց, որ նախատեսվում է միջինը 10 տոկոսով ավելացնել զինծառայողների աշխատավարձերը։

«Հարգելի՛ գործընկերներ, բարձրագույն սպայական կազմի և կրտսեր ենթասպայական կազմի հավելումների համահավասարեցում է իրականացվում։ Մոտավորապես համահավասար հավելում են ստանալու և՛ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, և՛ պայմանագրային շարքայինը»,- ասաց Տոնոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ խոսքն աշխատավարձերի բարձրացման հայտարարված ծրագրի մասին է, որի համաձայն՝ բոլոր զինծառայողների աշխատավարձերը հունիս-հուլիսից բարձրանալու են 10 տոկոսով։ Բայց այս կարգավորումներով, ըստ Փաշինյանի, կրտսեր կազմի, ինչպես նաև բարդ պայմաններում ծառայող զինծառայողների աշխատավարձերը կբարձրանան ավելի շատ։

«Այսինքն` մենք ասել ենք, որ 10 տոկոսով կբարձրանա, բայց կրտսեր կազմինը և հատուկ պայմաններում ծառայող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինչև 20 տոկոսով»,- ասաց Փաշինյանը։

Տոնոյանը մանրամասնեց, որ կրտսեր կազմի զինծառայողների աշխատավարձերը բարձրանալու են միջինը 18 տոկոսով, բայց դրանից բացի՝ հատուկ պայմաններում ծառայողները կստանան հավելավճարներ, որոնք փաստացի ավելի կմեծացնեն աշխատավարձերը։