Առաջիկա օրերին սպասվում է, որ պաշտոնապես կհայտարարվի Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու որոշման մասին:
168.am-ի տեղեկատվությունը հաստատեցին նաև Քննչական կոմիտեում՝ «Մարտիկ» հիմնադրամի վատնումների գործով նախաքննությունը շարունակվում է: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արթուր Աղաբեկյանն ընդունել է իր մեղքը և վերականգնել պետությանը պատճառված վնասը, ապա քրգործն առաջիկայում կկարճվի:
Նշենք, որ «Մարտիկ» հիմնադրամի գործով հաշվարկված վնասը մինչ այս պահը վերականգնվել է 55 մլն դրամի չափով, առաջիկա օրերին, ըստ ամենայնի, կվճարվի վերջին մասը:
Հիշեցնենք, հեղափոխությունից հետո Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա նյութեր էին նախապատրաստվել և 2018 օգոստոսի 29-ին, մինչդատական վարույթում հարուցվել էր քրեական գործ «Մարտիկ» հիմնադրամում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ: Իսկ Արթուր Աղաբեկյանին՝ որպես «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերի վատնումների համար՝ ՀՀ ՔՕ179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Ա. Բախշյանի այս հայտարարությունից հետո Արթուր Աղաբեկյանն իրեն մեղավոր չէր համարում և հայտարարել էր, որ գործել է բացառապես «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի և կանոնադրության շրջանակներում և հիմնադրամին ծառայել է պատվախնդրությամբ և անձնական մեծ պատասխանատվությամբ:
Նշենք, որ ՔԿ հաղորդագրության մեջ նշվում էր, որ հիմնադրամի միջոցներն առանձին դեպքերում ծախսվել են հակառակ կանոնադրությամբ սահմանված նպատակների: Խոսքը 2012-2016թթ. ընթացքում թույլ տրված չարաշահումների մասին է, վնասը գնահատվում էր ավելի քան 58 մլն դրամ: Մանսնավորապես նշվում էր, առանձնապես խոշոր չափերի գումարներ ուղղվել են ռեստորաններում և հյուրանոցներում հյուրասիրություններ կազմակերպելու, հիմնադրամի հետ առնչություն չունեցող անձանց թանկարժեք նվերներ մատուցելու համար, ընդ որում, հիմնադրամի միջոցների մի մասը ծախսվել է հենց այն հանգստյան գոտու ռեստորանում հյուրասիրությունների համար, որի բաժնետոմսերի 40 տոկոսն իրականում պատկանել է Արթուր Աղաբեկյանին։
0Comments