«Դալմայի այգիներ» կոչվող հողատարածքի 8 հողօգտագործող 2019 թ. մարտ ամսին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և պահանջում են, որ այգիների նկատմամբ իրենց իրավունքները վերականգնվեն։
Հողօգտագործողների շահերը ներկայացնող փաստաբան Արայիկ Պետրոսյանը հրավիրված ասուլիսին նշեց, որ 94-95 թթ. վարձակալության պայմանագրերի հիման վրա 10 տարի ժամկետով համահայցորդները տիրապետել և օգտագործել են ընդհանուր առմամբ 6,57 հա հողատարածքը: Ժամանակի ընթացքում՝ 2000-ականներից սկսած, դիմել են Երևանի քաղաքապետարան, որ հողակտորները օտարվեն իրենց։ Մինչդեռ, ըստ նրա, այս ընթացքում որևէ արձագանք չեն ստացել, փոխարենն արդեն տեղեկացել են, որ 2019 թ. հողն օտարվել է ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ին, և այդ տարածքում կառուցվելու է «Վերածնունդ» երիտասարդական ավանը։
Արայիկ Պետրոսյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանը մի շարք օրենքների խախտումով է օտարել «Դալմայի այգիներ» հողատարածքները, կանաչապատ տարածքները, որոնք այժմ կառուցապատվում են:
«Քաղաքապետարանը հողատարածքը վաճառել է առանց աճուրդի, առանց փաստացի հողօգտագործողներին տեղյակ պահելու: 457 մլն դրամով է վաճառվել, ստացվում է 1 քմ-ն վաճառվել է մոտ 7000 դրամով և միգուցե աճուրդով վաճառվելու դեպքում ավելի մեծ գումարներ քաղաքային բյուջե մտներ»,-ասաց նա և նշեց, որ պահանջում են, որ վաճառքն անվավեր ճանաչվի, հողատարածքները ձեռք բերեն այգիները մշակող հողօգտագործողները, կամ նրանց այլ վայրում տրամադրվեն հողեր կամ փոխհատուցում:
Թե ինչպես է ստացվել, որ հողերն օգտագործել են առանց պայմանագիրը երկարացնելու, տուժած հողօգտագործող Ռազմիկ Վարդանյանը նշեց, որ բազմիցս դիմել են քաղաքապետարան, սակայն անընդհատ հետաձգվել է պայմանագիրը երկարացնելը:
«35-40 տարի օգտագործել ենք հողերը, մրգատու ծառեր են, հողակտորներից յուրաքանչյուրը 1000 մետր քառակուսի տարածք ունի, հիմա տարածքը փակել են, պարիսպներ են դրել, մոտ 800-ից ավելի ծառ կա, չենք կարող բարձրանալ, ջրել»,-ասաց նա:
Ռազմիկ Վարդանյանը նշեց, որ ժամանակին այդ հարցով նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպում են ունեցել, ով նշել է, որ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, փոխհատուցում կտրվի քաղաքացիների հարցը լուծելու համար, այսօրվա վիճակով չեն էլ կարողանում իրենց հողակտորները մշակել։
«Մեր պահանջն է, որ եթե հնարավոր է, հողակտորը մեզ տրամադրեն, բայց եթե մեծ պետական օբյեկտ է կառուցվում, թող կառուցեն, բայց մեզ հատուցում տան, բարբարոսի պես չգան, քանդեն մեր այգիները»,-ասաց նա:
0Comments