Պետք է օր առաջ, ժամ առաջ, րոպե առաջ Քլոյանի հորը, զոհերի մյուս հարազատներին, լայն հանրությանը բացատրել, ասել, որ ընթացող դատավարությունը եւ ոչ մի կապ չունի տասը զոհերի հետ:
Եղավ այն, ինչ չպետք է լիներ, եղավ այն, ինչը չպետք է թույլ տայինք: Մեզ հայտնի եւ անհայտ որոշ ուժեր խաղում են մարտի մեկի զոհերի ծնողների, ընտանիքի անդամների հույզերի հետ եւ նրանց ծառայեցնում իրենց նեղ անձնական եւ խմբակային շահերին:
Մարդկայնորեն ծանր է տեսնել զոհերից մեկի՝ Քլոյանի հոր վիճակը, որն այս օրերին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի շենքի առջեւ սպասում է արդար դատաքննության: Ծանր է, քանի որ վերոհիշյալ հայտնի եւ անհայտ ուժերը նրան համոզել են, թե շուտով բացահայտվելու է, թե ով եւ ինչու է հրամայել կրակել մարդկանց վրա եւ պարզվելու է, թե ովքեր են կրակողները:
Ժամանակն է Քլոյանին, մյուս զոհերի հարազատներին ասել, որ այս դատավորության ընթացքում, մինչեւ դատավորությունը խնդիր չի դրվել բացահայտել սպանությունների հեղինակներին եւ կատարողներին:
Հերիք է խաղալ զոհերի հարազատների, հանրության զգացմունքների հետ: Պետք է կանգ առնել, քանի որ այս ամենը մեզ լավ տեղ չի տանելու: Պետք է կանգ առնել, բայց ցավոք որոշ ուժեր ամեն կերպ ավելի են սրում իրավիճակը, ավելի հուզական մթնոլորտ են ստեղծում եւ այդ հուզականությունը փորձում վերածել ատելության եւ բախման:
Գոնե հիմա զոհերի հարազատներին, լայն հանրությանը պետք է տեղեկացնել, որ այս դատավարությունը ոչ մի կապ չունի տասը մարդու սպանության փաստի հետ: Տպավորություն է, որ ոմանք օգտագործելով զոհերի հարազատների հուզական վիճակը, նրանց միջոցով ցանկանում են ավելի թունավորել երկրում առկա մթնոլորտը։ Իհարկե, շուտ, թե ավելի շուտ այս շինծու գործը պայթելու է: Բոլորը, այդ թվում եւ մարտի մեկի զոհերի հարազատները հասկանալու են, որ որոշ ուժեր իրենց օգտագործել են ինչ-ինչ հարցեր լուծելու համար եւ այդ ժամանակ, հաստատ, ոմանք շատ, մեղմ ասած, շատ տհաճ իրավիճակում են հայտնվելու:
Իսկ մինչ այդ, ամեն օր, ամեն ժամ պետք է բարձրաձայնել, որ ընթացող դատավարությունը ոչ մի կապ չունի մարտի մեկի զոհերի հետ եւ նպատակ չունի պարզել սպանության կազմակերպիչներին եւ հեղինակներին: Այստեղ լրիվ ուրիշ հարցեր եմ լուծվում։
Գեղամ Նազարյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
0Comments