Աննա Հակոբյանը «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի հետ քննարկում է կազմակերպել

Կարո Ղազարյանն ու Գառնիկ Քերքոնյանը մանրամասն ներկայացրել են իրենց գործունեությունն ու ցանկություն հայտնել իրավական ոլորտում համագործակցել «Իմ քայլը» հիմնադրամի հետ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 27-ին հյուրընկալել է Ամերիկայի հայ իրավաբանների միության (Armenian Bar Association) կառավարման խորհրդի ներկայացուցիչներ, հայտնի իրավաբաններ Կարո Ղազարյանին, Գառնիկ Քերքոնյանին եւ  «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Կարո Ղազարյանն ու Գառնիկ Քերքոնյանը մանրամասն ներկայացրել են իրենց գործունեությունն ու ցանկություն հայտնել իրավական ոլորտում համագործակցել «Իմ քայլը» հիմնադրամի հետ: Աննա Հակոբյանը շնորհակալություն հայտնելով, առաջարկել է ի թիվս մի շարք այլ ծրագրերի, «Իմ քայլը» հիմնադրամի կրթական ծրագրի շրջանակում իրավական ոլորտում կազմակերպել վերապատրաստման դասընթացներ հայ ուսանողների համար:

Գարո Ղազարյանը շեշտել է, որ իրենց միությունը մի շարք կրթական ծրագրեր է իրականացրել Երեւանի պետական համալսարանի  (ԵՊՀ) եւ Արցախի պետական համալսարանի (ԱՊՀ) հետ, հետեւաբար այդ ոլորտում համագործակցությունը կարող է լուրջ արդյունքներ ունենալ: