Պրոպիոնատի պարբերական գործածումը, որն օգտագործվում է հացաբուլկեղենային արտադրանք պատրաստելիս, կարող է առաջացնել հորմոնալ խանգարումներ, ինչպես նաեւ մեծացնել ճարպակալման եւ դիաբետի զարգացման հավանականությունը: Այս մասին նշված է Հարվարդի համալսարանին առընթեր Հանրային առողջապահության դպրոցի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:
Փորձի ժամանակ գիտնականների միջազգային խումբը մկների օրգանիզմ է մտցրել կարճաշղթա ճարպաթթու, որը կանխում է հացի վրա բորբոսի հայտնվելը: Արդյունքում լաբորատոր մկների մոտ դիտվել է սիմպատիկ նյարդային համակարգի ակտիվության մեծացում, ինչն իր հերթին բերել է այնպիսի հորմոնների մակարդակի աճի, ինչպես գլյուկագոնի, նորադրենալինի եւ ճարպաթթուների փոխադրող սպիտակուցի (FABP4): Կրծողների լյարդի բջիջները ավելի շատ են գլյուկոզա արտադրել, ինչի հետեւանքով զարգացել է հիպերգլիկեմիա՝ շաքարային դիաբետի նշանն է:
Հետազոտության երկրորդ մասին մասնակցել է 14 առողջ կամավոր, որոնց բաժանել են 2 խմբի: Դրանցից մեկում ընդգրկվածները ստացել են պրոպիոնատի մեկ գրամ պարունակող կերակուր, իսկ մյուսում ընդգրկվածները՝ պլացեբոյով կերակուր: Արյան նմուշներ են վերցվել ուտելուց առաջ, ուտելուց հետո 15 րոպեի ընթացքում եւ 4 ժամվա ընթացքում յուրաքանչյուր 30 րոպեն մեկ: Պարզվել է, որ պրոպիոնատով մթերքների գործածումը մեծացրել է նաեւ մետաբոլիկ խանգարումներ առաջացնող հորմոնների արտադրումը:
0Comments