Կառավարությունը երեկ սուսուփուս, գաղտագողի որոշեց 124 մլն դրամ հատկացնել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար։ Եվ դա կատարվեց առանց քննարկման, քանզի նախագիծն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի ցանկում։ Արդյունքում հանրությունը չիմացավ, թե ինչու է կառավարությունը որոշել այդչափ խոշոր գումար հատկացնել այդ միջոցառումների համար, եւ ինչ միջոցառումներ պետք է անցկացվեն այդ գումարով:
Նախագծում ընդամենը նշված է, որ 124 մլն դրամով Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում պետք է պատշաճ կերպով իրականացվեն Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ:
Իհարկե, կարելի էր մտածել ու պատկերացնել, թե ինչ հրատապ խնդիրներ կարելի էր ՀՀ քաղաքացիների համար լուծել այդ 124 մլն դրամով՝ դրանով իսկ շնորհավորելով Քաղաքացու օրը, բայց հայրենի կառավարությունը որոշեց գնալ նախորդ իշխանությունների ճանապարհով՝ ընկնել ձեւի հետեւից։ Եվ սա խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները համարեցին նորմալ, դեռ մի բան էլ քիչ։ Օրինակ՝ իշխանական ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով՝ այդ գումարը սեղմ գումար է ու արդարացված։ Մակունցն ասաց նաեւ, որ Քաղաքացու օրը պետք է նշել ոչ միայն Երեւանում, այլեւ ՀՀ բոլոր մարզերում։ «Իմ քայլը» խմբակցության «Գալուստ Գրիգորիչն» էլ՝ Հովիկ Աղազարյանը, այս գումարը սարսափելի մեծ գումար չի համարում՝ «հաշվի առնելով օրվա խորհուրդը»։
Մեր տեղեկություններով՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այս առնչությամբ հանձնարարական է տվել բոլոր մարզպետներին, որ ամեն գյուղում եւ քաղաքում ըստ պատշաճի պատրաստվեն Քաղաքացու օրվան եւ ինչպես հարկն է նշեն այդ տոնը մարզերում։ Նախարարությունից, սակայն, մեզ ասացին, որ նման հանձնարարական չի եղել նախարարի կողմից, եւ այդ հարցերով կառավարության աշխատակազմն է զբաղվում։
Թե ինչպես են նշելու Քաղաքացու օրը, հայտնի չէ, կառավարությունից չեն խոսում այդ մասին։ Հայտնի է մի բան միայն․ նոր իշխանությունները, որ իշխանության եկան բացառապես ՀՀ քաղաքացու շնորհիվ, այսօր թքած ունեն այդ նույն քաղաքացու վրա, նրա կարծիքը չեն հարցնում՝ իրեն քաղաքացու օր պե՞տք է, թե՞ ոչ, կամ ՀՀ քաղաքացին ուզո՞ւմ է, որ իր վճարած հարկերից 124 մլն դրամ կամ շուրջ 256 հազար դոլար ծախսվի իր օրը նշելու համար։ Գուցե ՀՀ քաղաքացին ցանկանում էր, որ այդ գումարով իր համար որեւէ կենսական նշանակության խնդի՞ր լուծվեր։ Օրինակ՝ ի՞նչ են շահելու Գյումրու տնակներում բնակվող ՀՀ հպարտ քաղաքացիները այդ 124 մլն դրամի միջոցառումներից։ Փոխարենը կշահեին, եթե այդ գումարով կառավարությունը նրանց գոնե մի հատվածին բնակարաններ հատկացներ։ Այնպես որ, Ագորան, չնայած հնչած խոստումներին, չի մասնակցում երկրի կառավարմանը։
0Comments