Կառավարության կողմից հեղինակած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրինագծերում նախատեսվող հիմնական կարգավորումներին ՀՀ ազգային ժողովը կողմ քվեարկեց։ Չնայած ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախագծին դեմ քվեարկեցին՝ այդուհանդերձ առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց 71 կողմ, 40 դեմ քվեարկությամբ։
Այնուհետև ԱԺ քվեարկության ներկայացվեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը: Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել «Կառավարության առանձին անդամի պաշտոնանկության հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման» նախագիծը։
Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով նշեց, որ Ատոմ Ջանջուղազյանի՝ նիստին չգալը վերաբերմունքն է խորհրդարանի նկատմամբ։ «Հարցապնդման պատասխանը զգուշացնում է՝ խորհրդարանի հետ նման կերպ չի կարելի վարվել, պնդում ենք պաշտոնանկության հարցը»,-ասաց նա։
Վարման կարգով խոսեց նաև ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով նշեց, որ իրենք ակտիվ մասնակցել են ԼՀԿ-ի ներկայացրած հարցապնդմանը։ «Քննարկումը ցույց տվեց, որ այն հարցերի պատասխանները, որ ներկայացված է՝ չստացանք, մենք միանշանակ կողմ ենք քվեարկում նախագծին»,-ասաց նա։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ նման որոշում կայացնելու համար մեկ հանդիպումը բավարար չէ կողմ քվեարկելու համար, և իրենք դեմ կքվեարկեն։
Նախագիծը դրվեց քվեարկության և չընդունվեց 41 դեմ, 67 կողմ և 1 ձեռնպահ համամասնությամբ։
Նշենք, որ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, օգտվելով ԱԺ կանոնակարգ-օրենքի ընձեռած հնարավորություններից, կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը կներկայացնի։ Այս մասին երեկ հայտարարել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Կողմ էր միայն «Իմ քայլը»
0Comments