Կայացան Chess.com շախմատային կայքի կազմակերպած PRO Chess League մրցաշարի ենթախմբային փուլերի եզրափակիչները:
Մրցաշարին մասնակցող թիմերը՝ ըստ աշխարհագրական դիրքի, բաժանված էին 4 ենթախմբերի՝ Արևելյան, Կենտրոնական, Ատլանտյան և Խաղաղօվկիանոսյան:
Հայաստանը ներկայաղնող Armenian Eagles («Հայկական արծիվներ») թիմն ընդգրկված էր Արևելյան ենթախմբում: Ենթախմբի 8 թիմերը միմյանց միջև անցկացրել էին շրջանային մրցաշար, որի արդյունքում 1-4-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը իրավունք էին ստացել շարունակելու պայքարը: Շրջանային մրցաշարում մեր թիմը 236.5 միավորով զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը:
Ենթախմբի կիսաեզրափակիչում Armenian Eagles-ը առավելության էր հասել Հնդկաստանը ներկայացնող Mumbai Movers ակումբի նկատմամբ, որի կազմում հանդես էին գալիս հանրահայտ գրոսմայստերներ Ադհիբանը և Վիդիթ Գուջրաթին: Եզրափակիչում հայկական թիմի մրցակիցն էր Tbilisi Gentlemen ակումբը: Ենթախմբի եզրափակիչում Armenian Eagles թիմը մեծ առավելությամբ հաղթանակ տարավ Թբիլիսին ներկայացնող թիմի նկատմամբ:
Հայկական թիմը հանդես էր գալիս հետևյալ կազմով. Զավեն Անդրիասյան, Հայկ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան և Աննա Սարգսյան: Թիմի ավագն է ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը:
0Comments