ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ կհամաձայնի՞ որևէ պաշտոն ստանձնել այս իշխանությունների օրոք՝ ի բարօրություն երկրի:
Կոստանյանը նշեց, որ ի բարօրություն պետության՝ ցանկացած ֆորմատով, անկախ որևէ պաշտոնի ներգրավված լինել-չլինելուց, միշտ պատրաստ է աշխատել:
Նա վստահեցրեց՝ երբեք չի աշխատի իբրև կոնկրետ անձանց փաստաբան, ապա նշեց՝ ըստ էության 14 տարի եղել է պետության փաստաբանը Եվրոպական դատարանում, և դա միակ դեպքն է փաստաբանական գործունեության, իսկ դրանից զատ՝ իրեն որպես փաստաբանի տեսնելու առիթ չեն ունենա:
Լրագրողների հարցին՝ արդյո՞ք պաշտոնավարման որևէ առաջարկ ստացել է ներկա իշխանություններից, Կոստանյանը չպատասխանեց:
«Ես չեմ պատասխանում, անցե´ք մյուս հարցերին»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ արդյո՞ք Գլխավոր դատախազի պաշտոն առաջարկվել է իրեն, Կոստանյանը պատասխանեց.
«Գլխավոր դատախազը պաշտոնավարում է, չգիտեմ՝ իր պաշտոնավարման ժամկետը երբ է ավարտվում, ես այդ թեմայով քննարկումներն անգամ ոչ կոռեկտ եմ համարում»,-ասաց նա:
0Comments