Հայաստանի Մ19 հավաքականը խաղային ձեռագիր է ձևավորել

Գրոհների կազմակերպման հարցում առաջընթաց ունենք

Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հարցազրույց է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը:

Մեր ընտրանու գլխավոր մարզիչը խոսել է Եվրոպայի առաջնությանը հավաքականի նախապատրաստական փուլի, մրցաշարից սպասելիքների ու այլ թեմաների մասին.

Եվրոպայի Մ19 առաջնությունից սպասելիքների մասին

«Խաղից խաղ թիմը զարգանում է:

Տղաները հիմնականում ցածր լիգաներում են խաղում: Փորձի պակաս ունեն հիմնականում պաշտպանները, որոնք առավելապես ներկայացնում են Հայաստանի առաջին խմբի առաջնությունը. ցածր տեմպը և ոչ այնքան բարձր որակը իրենց ազդեցությունը թողնում են:

Միջազգային խաղերում տեմպին և ռիթմին ընտելանալու խնդիրներ են առաջանում, ու պաշտպանական սխալներ են լինում: Միջին գծի և հարձակման խմբի ֆուտբոլիստները խաղային որոշակի ժամանակ ստանում են բարձրագույն խմբում: Նրանցից մի քանիսը արտերկրի առաջնություններում խաղալով են փորձ յուրացնում:

Պաշտպանության սխալները շտկելու ուղղությամբ աշխատեցինք «Ուրալի», Ռուսաստանի և Լատվիայի հավաքականների հետ խաղերում: Բարձրակարգ հավաքականների հետ ուժերը չափելու ցանկություն ենք հայտնել, որ վերջին շտկումները կարողանանք կատարել պաշտոնական ելույթներից առաջ»:

Նախապատրաստության ընթացքում թիմի փոփոխությունների մասին

«Հավաքականը խաղային ձեռագիր է ձևավորել: Գրոհների կազմակերպման հարցում առաջընթաց ունենք: Թե՛ դիրքային, թե՛ արագ գրոհների ժամանակ թիմը հավատարիմ է մնում յուրացված խաղաոճին. կարճ ժամանակահատվածում կարևոր ձեռքբերում է: Երբ թիմը ընդունեցինք, խաղի հանդեպ անհատական տարբեր մոտեցումներ ունեին ֆուտբոլիստները: Հիմա թիմային շարժում է նկատվում: Բայց զորեղ մրցակիցների հետ խաղալու համար սա քիչ է, պետք է անընդհատ զարգացնենք թիմային պաշտպանությունը»:

Առաջնությունն ինչ կարող է տալ Հայաստանի հավաքականին

«Ֆուտբոլային բազմաթիվ սկաուտներ են ժամանելու Երևան: Լավ ֆուտբոլ խաղալու դեպքում մեր տղաները կարող են այդ սելեկցիայի մասը կազմել: Այսպիսի մրցակիցներ ունենալու բախտ չի վիճակվում ամեն թիմի: Տղաները պետք է օգտվեն այս հնարավորությունից: Արժեքավոր այս փորձը նրանց կարող է մղել երիտասարդական, ապա նաև՝ ազգային հավաքական: Նախապատրաստվելիս խաղացել ենք Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Հոլանդիայի, Գերմանիայի հասակակիցների հետ: Շուտով ավելի ինտենսիվ շրջափուլ է սպասվում արդեն պաշտոնական ձևաչափում: Այս ելույթները կարող են դառնալ մեծ թռիչքի սկիզբը: Նման խաղերում ավելի մեծ փորձ են յուրացնում, քան մեկ մրցաշրջանի՝ հայկական թիմերի ներքին դիմակայություններում»:

Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ