Կարմրուկ. ախտանիշներն ու բուժումը

Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ եւ ցանային երևույթներով

Հայաստանում տարեսկզբից կարմրուկի բերովի չորրորդ դեպքն է արձանագրվել: Դեպքերը համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի եւ Վրաստանի հետ: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ չնայած Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն ներկայումս եվրոպայում կարմրուկի համաճարակը լուրջ առողջապահական խնդիր է:

Ի՞նչ է կարմրուկը եւ ի՞նչ ախտանիշներ ունի

Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ եւ ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով եւ օժտված է խիստ բարձր վարակելիությամբ: Վիրուսն արտաքին միջավայր է թափանցում հազալու, փռշտալու, խոսակցության ժամանակ: 

Կլինիկական հիմնական փուլերը չորսն են` ինկուբացիոն, նախանշանային (կատառալ), ցանավորման եւ ռեկոնվալեսցենցիայի (պիգմենտացիա): 

Ինկուբացիոն շրջանը 9-11 օր է: Կատառալ շրջանը սկսվում է սուր: Այն տեւում է 1-6, միջինը՝ 3-4 օր: Սկզբում ի հայտ է գալիս հարբուխը` քթից շճային կամ շճա-թարախային արտադրությամբ: Այնուհետեւ վերը նշվածին միանում է չոր, կպչուն հազը: Այլ նշաններն են՝

  • ռինիտ
  • կոնյուկտիվիտ
  • կոպերի այտուց
  • սպիտաթաղանթի գերարյունություն
  • աչքից թարախային արտադրությունը:
  • մարմնի ջերմաստիճանը բարձրանում է՝ ծանր դեպքերում հասնելով 39-40°C:

Հիվանդության 3-5-րդ օրը, ինտոքսիկացիայի եւ կատառալ երևույթների առավելագույն ֆոնի վրա, ի հայտ է գալիս էտապային ցանը: Կարմրուկի ժամանակ ցանի էտապայնությունն այնքան լավ է արտահայտված, որ գրավում է հիվանդի եւ շրջապատի ուշադրությունը: Առաջին օրը ցանավորվում է ականջախեցու հետին հատվածը, դեմքը, պարանոցը, կրծքավանդակի վերին հատվածը, երկրորդ օրը` իրանի մնացած մասերը, իսկ երրորդ օրը` վերջույթները: 

Սովորաբար կարմրուկային ցանը վառ կարմիր է, լավ տեսանելի, առատ, ցանային էլեմենտներն անընդհատ շատանում են: Ցանը կարող է ուղեկցվել չափավոր քորով: 

Բուժումը

Կարմրուկի թեթեւ տեսակի դեպքում դեղորայք չի նշանակվում: Հիվանդը մնում է տանը, նրան խնամում են՝ հետեւելով բժշկի ցուցումներին: Ծանր դեպքերում նշանակվում է հակաբիոտիկներ, տարվում է սիմպտոմատիկ բուժում: Կարանտինը սահմանվում է 21 օր:

Հիվանդների մեկուսացումը սովորաբար կազմակերպվում է տնային պայմաններում։ Հոսպիտալացվում են վաղ տարիքի երեխաները եւ բարդություններ ունեցող հիվանդները։

Հիվանդներին պետք է մեկուսացնել, առանձնացնել նրանց սպասքը, իրերը, հիգիենայի պարագաները, հաճախ օդափոխել սենյակը:

Ներկայում կարմրուկի հիմնական կանխարգելումը պատվաստումն է:


 

Աղբյուրը՝ Doctors.am