Բրիտանացի ու ավստրալացի մաշկաբանները ներկայացրել են, թե որ դեպքերում են մարդկանց խալերն ու պեպենները վտանգավոր լինում՝ ժամանակի ընթացքում վերածվելով չարորակ նորագոյացությունների։
Սովորաբար խալերը բնածին են լինում, սակայն կարող են ի հայտ գալ նաև ավելի ուշ։ Սակայն եթե խալն ի հայտ է գալիս մեծահասակների և հատկապես 50 տարեկանից բարձր անձանց մոտ, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ հետագայում խնդիրներից խուսափելու համար։
Կա խալերի մի տեսակ, որը լինում է ուռուցիկ և ունենում է բաց շագանակագույն գունավորում։ Ժամանակի ընթացքում այս խալերը կարող են գունատվել, ինչը բնական երևույթ է, քանի որ տարիների ընթացքում մաշկը դադարում է պիգմենտ արտադրել։ Այս դեպքում անհանգստանալու կարիք չկա, սակայն եթե խալը գույնի հետ մեկտեղ փոխում նաև իր չափը, ապա հարկավոր է հետևել հետագա ընթացքին ու խորհրդակցել մասնագետի հետ։
Մարդկանց հաճախ անհանգստացնում են նաև պեպենները, սակայն մասնագետները նշում են, որ դրանց առաջացումը, անգամ մեծ քանակությամբ, բացարձակապես անվնաս սեզոնային երևույթ է, որը կապ չունի որևէ մաշկային խնդրի հետ։
Բնածին բծերի մյուս տեսակը լենտիգիններնեն, որոնք տափակ, շագանակագույն բավական խոշոր բծեր են։ Դրանք առաջանում են արևի ճառագայթների ազդեցության հետևանքով մաշկի այն հատվածներին, որոնք սովորաբար պաշտպանված չեն լինում հագուստով։ Այս բծերը, ի տարբերություն պեպենների, ժամանակի ընթացքում չեն գունատվում։ Որպես կանոն դրանք վտանգավոր չեն, սակայն միայն այն դեպքում, եթե չեն սկսում մեծանալ։
0Comments