45.3 մլն եվրո վարկ Ասիական բանկից` ՀՀ առողջապահական ծրագրերի համար

Մանրամասներ
աժ

Ասիական զարգացման բանկը 45.3 մլն եվրո արժողությամբ վարկ կտրամադրի` ՀՀ առողջապահական ծրագրերի իրականացման համար։ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց վարկային այս ծրագրին։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ գումարն ուղղվելու է առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանը, առողջապահական ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացմանը և ինստիտուցիոնալացմանը, բժշկական հաստատությունների լիցենզավորմանը, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը:

Ավանեսյանն ընդգծեց, որ այս առումով ունեն մատնանշված հստակ թիրախներ, որոնց պետք է հասնեն։

«Կարծում ենք, որ այս ծրագրի շրջանակներում մեզ համար ոչ միայն կարևոր է վարկային միջոցների ներգրավումը, այլև այն տեխնիկական աջակցությունը, որը մեզ տրամադրելու են»,– նշեց նախարարը։

Ինչ վերաբերում է թվայնացմանը, ապա Ավանեսյանն ասաց, որ օնլայն ռեժիմով հավաքագրման մոնիթորինգ պետք է իրականացնեն և տվյալների հիման վրա պետք է եզրակացնեն` հասե՞լ են արդյոք նախարարության սահմանած որակի թիրախներին, թե ոչ։