Միջուկային զենքի ստեղծման հարցում Իրանի մտադրությունների հանդեպ կասկածները միշտ են եղել, եւ դրանք խորացել են։ Իրանը չի ուզում բաց աշխատել, որի պատճառով ենթարկվում է պատժամիջոցների։ Դա հարվածի տակ է դնում ինչպես հենց Իրանին, այնպես էլ նրա գործընկերներին։ Այս մասին «Իրանը եւ փոփոխվող աշխարհակարգը» թեմայով քննարկումների ժամանակ հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը։
Փորձագետը նշել է, որ Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ հարաբերությունները մշտապես զարգացել են։ Ինչպիսին էլ լիներ հարաբերությունների դինամիկան, Հայաստանի իշխանությունները դրանց միշտ կարեւոր նշանակություն են տվել։ Նույնը չես ասի Իրանի մասին, նրանց համար կան ավելի նախընտրելի երկրներ, թեեւ Հայաստանի հետ հարաբերությունները մնում են իրանական դիվանագիտության օրակարգում։
Հայաստանի նոր իշխանությունները ի սկզբանե ասում էին Իրանի հետ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության մասին։ Իր կողմից Իրանը ուշադիր հետեւում էր Հայաստանում անցյալ տարվա գարնան իրադարձություններին՝ տարածաշրջանում «գունավոր հեղափոխության» հնարավորության մտավախությամբ։ Պատահական չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե Հայաստանում հեղափոխությունը բացառապես ներքին բնույթ է կրում։ Գոհար Իսկանդարյանի խոսքերով, երկու երկրների հարաբերությունների շարժիչ ուժը էներգակիրներն են, սակայն այժմ շեշտադրվում են նաեւ ՏՏ ոլորտը եւ զբոսաշրջությունը։
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը եւ կառույցի հետ Իրանի կապերը կնպաստեն համագործակցության խորացմանը, ապրանքաշրջանառության զարգացմանը։ Ինչ վերաբերում է իրանական կազմակերպությունների հանդեպ պատժամիջոցներին, ապա, ինչպես կարծում է փորձագետը, կարմիր գիծն անցնել չարժի եւ չարժի անել որեւէ բան, որ կարող է մեզ վնասել։
0Comments