Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայման՝ Փարիզի նախաձեռնությունը։ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման մասին, 168.am-ի փոխանցմամբ, Զելենսկին գրել է իր Telegram ալիքում:
«Շարունակեցինք աշխատել նախագահ Մակրոնի նախաձեռնության վրա՝ կապված Ուկրաինայում ուժերի առկայության հետ, որոնք կարող են նպաստել խաղաղության տանող ճանապարհի կայունացմանը: Էմանուելը տեղեկացրեց մյուս գործընկերների հետ իր փոխադարձ շփումների մասին՝ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ բոլոր քայլերն իրականացնելու համար», – գրել է Զելենսկին։
Նա արդյունավետ է անվանել առանձնազրույցը և շեշտել, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ամրապնդումը մնում է հիմնական խնդիրը։ Զելենսկին նաև հայտնել է, որ Մակրոնի հետ պայմանավորվել է Ֆրանսիայում ուկրաինական ևս մեկ բրիգադի պատրաստման շուրջ։
«Ես շնորհակալություն հայտնեցի Ֆրանսիայի կողմից մեր բանակի համար մեկ բրիգադի պատրաստման համար, պայմանավորվեցինք շարունակել այս համագործակցությունը և պատրաստել ևս մեկ բրիգադ: Ակնկալում ենք, որ մյուս գործընկերները կմիանան այդ ջանքերին և իրենց ավանդը կներդնեն լրացուցիչ ուկրաինական բրիգադների համալրման գործում», – գրել է նա։
Ըստ Զելենսկիի գրասենյակի՝ սա նրա ութերորդ հանդիպումն է Մակրոնի հետ 2024 թվականին։
0Comments