ԱՄՆ-ը Ուկրաինային կոչ է անում իջեցնել զորահավաքի տարիքը մինչեւ 18 տարեկան

Մանրամասներ
ուկրաինա

ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Ուկրաինայի իշխանությունների վրա, որպեսզի զորահավաքի տարիքը իջեցվի մինչեւ 18 տարեկան։ Այս մասին Վաշինգտոնում լրագրողներին անանունության պայմանով ասել է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը։

Ինչպես տեղեկացնում են համաշխարհային գործակալությունները, ԱՄՆ նախագահի վարչակազմի անդամն ասել է, որ, ինչպես ցույց է տալիս «զուտ հանրահաշիվը», Ուկրաինան բավականաչափ թվով կենդանի ուժ չի զորակոչում, դրա համար էլ այժմ նահանջում է Դոնբասում։

«Այժմ կենդանի ուժ է անհրաժեշտ։ Ռուսներն իրականում առաջ են շարժվում, կայուն շարժվում են դեպի արեւելք, եւ նրանք սկսում են նեղել ուկրաինացիներին Կուրսկի մարզում։ Զորահավաք եւ ավելի շատ կենդանի ուժ՝ ահա թե ինչը կարող է փոխել իրավիճակը մարտադաշտում»,- այդ մարդու խոսքերը մեջբերել է Reuters գործակալությունը։

Բայդենի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Կիեւը կարծում է, որ անհրաժեշտ է հավաքագրել եւս 160 հազար մարդ, բայց ԱՄՆ-ը ենթադրում է, որ զորակոչվածների թիվը պետք է ավելին լինի, տեղեկացրել է BBC-ն։

Այժմ օրենքով Ուկրաինայում պատերազմի համար զորակոչում են 25-60 տարեկան տղամարդկանց։ 18-25 տարեկանները, որոշ բացառություններով, ենթակա են զինակոչի  եւ բազային ռազմական պատրաստություն անցնելու, բայց ոչ ճակատ ուղարկվելու։