Ուկրաինայի մեծ թվով կամավորներ են կռվում Ռուսաստանի դեմ, Ռուսաստանի կողմից էլ մեծ թվով կամավորներ են կռվում. ուրեմն այս պետությունները բան չեն հասկանո՞ւմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի, եթե խոսքը «կեցցե մեր հայ կամավորը, գինի լից» երգի կամավորի մասին է, ապա այդ կամավորը գոյություն ունի պետության չգոյության պայմաններում:
«Բայց այստեղ մի հատ նրբություն կա, որ ես իր հետ համաձայն եմ. եթե նորմալ բանակ ունես, ամեն մեկը իր տեղում է, բանակն իր գործը շատ լավ է անում, հերոսություն պետք չէ անել: Իսկ եթե դու պատրաստ չես, կամավոր ես, մանավանդ, եթե քեզ լավ չեն ղեկավարում, գնում ես կոտորվելու, սա է խնդիրը։ Դրա համար բանակը պիտի իր տեղում լինի»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ հիմա բանակի վերափոխման հայեցակարգ են ներկայացնում, խոսվում է նաև համազգեստի փոփոխության մասին, Արկադի Կարապետյանն ասաց. «Եթե դու ներսից կայուն չես, պինդ չես, գաղափար չունես, ամեն վատ բան էլ բանակում լինելու է։ Բոլոր բանակներում էլ զինվորի մահ լինում է, լինելու է, դրանից խուսափել չի լինի, բայց մենք պիտի դա նվազացնենք: Ասենք զինվոր է զոհվում ավտովթարից, բայց ահագին մահեր կան, որ կապված չեն պատահականությունների հետ, կապված են բարքերի հետ։ Իսկ բարքերը նորմալանալու համար գաղափարախոսություն է պետք։
Մարդը, որ գնում է ծառայելու, պիտի ինչ-որ գաղափարի ծառայի, ինչ-որ անհասկանալի պետության գաղափարի համար ոչ ոք չի ուզում զոհվել։ Մեզ այսքան ժամանակ հայրենիքի ու ազգի գաղափարն է պահել»,-ասաց նա:
Կարապետյանի խոսքով, այսօր երիտասարդները չգիտեն՝ ինչու են իրենք բանակում, «Անգամ սպան չգիտի, սպաները գիտեն, թե իրենք գնում են գործի, փող են ստանում, իրենց համար լավ է, չեն կռվում, փող են ստանում։ Մարդ աշխատանք չի գտնում, գնում է բանակում պայմանագրային զինծառայող է դառնում: Խնդիրը այդտեղ է։ Չեմ ասում՝ ամբողջ բանակը այդպես է, եթե նվիրված մարդիկ չլինեն, այս բանակը շուտ էր քանդվել»:
Արկադի Կարապետյանը նկատեց, որ պետությունը ազգին ծառայելու գործիք է, իսկ մենք փոխանակ ազգին պաշտենք, այդ գործիքն ենք պաշտում. «Եթե դու ազգը չես սիրում, դու չես կարող լավ բան անել, իսկ դա կոչվում է հայրենասիրություն։ Ռուսաստանում դա քարոզում են, Ամերիկայում քարոզում են: Իսկ այստեղ հազարամյա ազգ է ու հայրենասիրություն չեն քարոզում: Եթե հայրենիքի զգացողություն, հայրենասիրություն չկա, ոչինչ չի լինելու, ինչ ուզում եք արեք:
Երևի մինչև մեզ լավ չպատժեն, մենք խելքը չենք գա։ Ես դա ցավով եմ ասում, բայց դե էդ է, Մինչև չգան սկսեն մեզ կոտորել, այս ազգը խելքի չի գալու։
0Comments