Երբ խախտվել է 8 կետերի իրագործումը, ինչպես կարելի է խոսել 9-րդ կետի մասին. «Հրապարակ»

Մանրամասներ
գառնիկ դանիելյան

«Հրապարակ»-ը գրում է․ 

Հարցազրույց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ

- Օրերս տեղի ունեցավ սրբազան շարժման երկար սպասված հանրահավաքը։ Արդյունքներից գո՞հ եք։

- Հանրահավաքի գիշերը ոստիկանությունը հատուկ միջոցներ էր ձեռնարկել։ Մեր ակտիվի անդամներին, այն մարդկանց, ովքեր զբաղվում էին շարժման կազմակերպչական աշխատանքներով, տարել են ոստիկանական բաժանմունքներ, նրանց մեքենաները՝ նույնպես։ Այս ապօրինությունը խոսում է այն մասին, որ իշխանությունն ամեն ինչ արել է, որ երեկվա հավաքը տեղի չունենա։ Մարզերում ապրող մեր համակիրներն ասում են, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հորդորել են՝ չմասնակցել հանրահավաքին։ Չնայած դրան՝ հրապարակը մարդաշատ էր։ Ամենակարեւորն այն է, որ այս բռնաճնշումները, շարժումը տապալելու իշխանական ջանքերն իզուր են, մեր համակիրները կամք ու վճռականություն են դրսեւորում։ Երեկ փոքր հաղթանակ արձանագրեցինք՝ Հանրային հեռուստաընկերության շենք մտնելով, որը տեղի ունեցավ բացառապես մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությամբ եւ ճնշումների ներքո։ Սրբազանը մտավ Հ1, եւ մեր պահանջները 80 տոկոսով բավարարվեցին։ 

- Ի՞նչ խնդիր լուծեց Սրբազանը Հ1-ի եթերում, չե՞ք կարծում, որ Սրբազանի հետեւից գնացողները, միեւնույն է` գնում են, իսկ չհետաքրքրվածները ալիքը կփոխեն։

- 2 կարեւոր խնդիր կար․ Հ1-ը տարիներ շարունակ եղել է իշխանության կամակատարը, նարատիվները քարոզողը, հակահայկական թեզերի տիրաժավորողը, եւ մեզ համար շատ կարեւոր էր, որ Հանրայինի եթերից Սրբազանն ուղերձ հղեր մեր ազգաբնակչությանը։ Ամիսներ շարունակ ասվում էր, որ Սրբազանը որդիներ ունի, օտարերկրյա գործակալ է, մեծ ունեցվածք ունի եւ այլն։ Այս ստի ու կեղծիքի հիմքը դրել է Հանրայինը, ինչը մինչեւ հիմա շարունակվում է։ Սրբազանը չէր գնացել Պետրոսին հարցազրույց տալու, բայց բանակցությունների արդյունքում որոշեց, որ ուղերձից հետո մի քանի հարցի կպատասխանի։ Մենք ինչի համար որ գնացել էինք, իրականացրինք։

- Պետրոս Ղազարյանը հարցնում էր նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի մասին։ Սրբազանն ասում էր, որ իշխանությունների պարտավորությունների մեջ է մտնում այդ կետը։ Ի՞նչ նկատի ուներ Սրբազանը։

- Նշանակում է, որ ՀՀ-ն է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, եւ ՀՀ իշխանությունները նախ պետք է պահանջեն 8 կետերի բավարարումը, նոր խոսեն 9-րդ կետի մասին։ Երբ խախտվել է 8 կետերի իրագործումը, ինչպե՞ս կարող են խոսել 9-րդ կետի մասին։

- Իսկ Բագրատ սրբազանն ինչպե՞ս է այդ հարցի լուծումը տեսնում` ադրբեջանցիները միջանցք են ուզում, Սրբազանն էլ ասում է՝ այդ կետի բավարարումն իշխանությունների պարտավորություն է։

- ՀՀ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն միայն ՀՀ սուվերենության սկզբունքով։ Այդ ճանապարհը պետք է մեր իրավազորության տակ լինի, որեւէ միջանցքի մասին խոսք լինել չի կարող, մենք այդ տրամաբանությամբ ենք պատկերացնում ճանապարհների ապաշրջափակման հարցը, որը վաղ թե ուշ պետք է լինի։ Մեր երկրի շահերը չպետք է տուժեն։ Ինչ վերաբերում է Արցախից հրաժարվելուն, դա այս իշխանությունների դավադիր ծրագրի մի մասն է կազմում։  Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախն իր ուսերին բեռ է եղել, իշխանական պատգամավորներն էլ, իրար հերթ չտալով, խոսում են այդ մասին։ 

- Առաջիկայում նոր տարածքային զիջումների գնալո՞ւ է Փաշինյանը։

- Ես այդ հարցը նրան տվել եմ, պատասխանից խուսափել է։ 2 հարց եմ տվել՝ Տիգրանաշենի մասին եւ ադրբեջանցիների վերաբնակեցման։ Հետաքրքրվել եմ՝ այս հարցերի շուրջ քննարկումներ գնո՞ւմ են։ Խուսափելն այդ հարցերի պատասխանից՝ ինձ համար առնվազն պարզ դարձրեց, որ Փաշինյանը գնում է առաջիկայում Տիգրանաշենը հանձնելու, ադրբեջանցիներին Հայաստանում վերաբնակեցնելու ճանապարհով։ 

- ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն ասաց, որ խաղաղության պայմանագրում ադրբեջանցի փախստականների վերաբնակեցման հարց չկա։ 

- Եթե հարց չկա, Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ չէր ասում։ Որոշողը Կոստանյանը չէ, որոշողը Նիկոլ Փաշինյանն է, որն ասաց, որ անգամ ՔՊ-ական պատգամավորները տեղյակ չեն, թե ինչ ենք բանակցում։ Կոստանյանն ո՞վ է, որ որոշում կայացնի, Փաշինյանը որոշումը կայացնում է, թուղթը դնում է սեղանին, իրենք էլ պարտավորվում են այդ որոշումները դակել։ Ադրբեջանցիներն էլ ո՞նց ասեն, որ հավակնում են ունենալ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։