Մոսկվան մեղադրում է, ԵՄ-ն պաշտպանում Հայաստանին

Մանրամասներ
բորտնիկով

«Հրապարակը» գրում է․ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն արձագանքել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հայտարարությանն այն մասին, թե Արևմուտքն, իբր, Հայաստանին մղում է ձգձգել Բաքվի հետ խաղաղության շուրջ բանակցությունները և մտադիր է գլխավորել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն ու ՆԱՏՕ-ի կոնտինգենտ տեղակայել Հարավային Կովկասում։

Պատասխանելով Բորտնիկովի հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրեսի» թղթակցի հարցին՝ Ստանոն նշել է, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի մեկնաբանությունները նոնսենս են։ 

«Այս մեկնաբանություններն ամբողջությամբ նոնսենս են, ռուսական ռեժիմին բնորոշ սուտ ու մանիպուլյացիա, որը փորձում է քողարկել Հայաստանին տված խոստումների և նրա նկատմամբ պարտավորությունների կատարման կրկնվող ձախողումները»,- հայտարարել է Ստանոն։

Հիշեցնենք, որ Բորտնիկովը Աստանայում ընթացող ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ, որին մասնակցել է նաև ՀՀ ԱԱԾ փոխտնօրենը, հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է ՆԱՏՕ-ի զորախումբ տեղակայել Հարավային Կովկասում՝ իբր Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն օգնելու համար։ 

Նա լուրջ մեղադրանքներ է հնչեցրել և պնդել, թե «ամերիկացիներն ու եվրոպացիները շահագրգռված չեն Հարավային Կովկասում կայունության հաստատմամբ.

«Երևանին մղելով Բաքվի հետ բանակցությունները ձգձգելուն՝ Արևմուտքը փորձում է գլխավորել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում սեփական «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը՝ դե յուրե ՄԱԿ-ի, իսկ դե ֆակտո՝ ՆԱՏՕ-ական»:

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը նաև կրկնել է անհիմն մեղադրանքներն այն մասին, թե Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը հետախուզական աշխատանք է իրականացնում ՆԱՏՕ-ի կոնկրետ երկրի համար՝ ընդդեմ Ռուսաստանի և նրա գործընկերների։ 
Բորտնիկովը հավելել է նաև, որ «Արևմուտքը ցանկանում է հասնել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն՝ դրա դիմաց խոստանալով զենքի արտոնյալ մատակարարումներ և անվտանգության երաշխիքներ»։