Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Մայր աստվածություն.Անահիտից Մարիամ» ցուցադրության բացման արարողությունը, որի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են հեղինակավոր Բրիտանական թանգարանից տեղափոխված Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխը և ձեռքը։
«Ցուցահանդեսի շրջանակում հնարավորություն ունենք մեր գործընկեր Բրիտանական թանգարանի հետ երկարատև համագործակցության արդյունքում ՀՀ-ում տեսնել 19-րդ դարի 70-ական թթ. պատմական Հայաստանից գտնված և Անահիտ դիցուհուն վերագրվող բրոնզե արձանից պահպանված դեմքը և ձեռքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։
Թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող, ֆոնդապահ Արմինե Զոհրաբյանը սա համարում է նշանակալի իրադարձություն` ընդգծելով, որ Բրիտանական թանգարանը շատ քիչ դեպքերում է համաձայնում առարկաներն ինչ-որ մի տեղ ուղարկել։
«Բրիտանական թանգարանի աշխատակիցը հոդված է հրապարակել, թե ինչպես է Անահիտի արձանը հայտնվել իրենց մոտ։ Մի գյուղացի է գտել, տարել Կ.Պոլիս, այնտեղ ձեռքից ձեռք է անցել, հետո հայտնվել է օսմանյան ներկայացուցչի ձեռքում` Իտալիայում, ապա նա աճուրդի է հանել։ Արձանը գնել է իտալացի ոսկերիչ, և Իտալիայի կառավարությունն ամեն ինչ արել է, որ տանի Իտալիա, բայց Բրիտանական թանգարանն է ձեռք բերել։ Ամենուրեք շեշտվում է, որ սա հայտնաբերվել է Հայաստանից։ Այո՛, պատմական Հայաստանի` Փոքր Հայքի տարածքում` Եկեղյաց գավառում է հայտնաբերվել, որը Անահիտի սրբավայրն է հանդիսացել։ Արձանը մ.թ.ա 4-րդ դարում է ստեղծվել, մարմարից է»,- մանրամասնեց գիտաշխատողը։
Նշենք, որ ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են նաև թանգարանի հավաքածուից մի շարք ցուցանմուշներ, որոնք ամփոփում են Մայր աստվածության գաղափարը` նեոլիթյան ժամանակաշրջանից մինչև մեր օրեր։
Ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 21-ը։
0Comments