Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Անկախության օրվա առթիվ ցանկանում եմ, նախ, ընդգծել, որ Հայաստանին դավաճանել են ճիշտ այն վայ-գործիչները, ովքեր այսօր, իրար հերթ չտալով, շնորհավորում են նրա անկախության տոնը։ Կոչ եմ անել թքել նրանց շնորհավորանքների վրա, որովհետև դրանք ամբողջովին կեղծ ու շինծու են, ինչպես և նրանց հայատյաց հեղինակները։
Հայաստանին դավաճանել են ոչ միայն ներսից, այլև դրսից՝ կեղծ «դաշնակիցներն» ու «բարեկամները», «քաղաքակիրթ աշխարհն» ու «միջազգային համայնքը»։ Պարզապես դեն նետեք նրանց շնորհավորանքները, որովհետև դրանք ևս կեղծ ու շինծու են։
Ցավոք, այսօր Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է միայն թղթի վրա։ ՀՀ-ի ղեկավարներն ու պաշտոնական «ընդդիմությունը» օտարի հլու-հնազանդ կամակատարներն են, որոնք ուղղորդում են հայկական նավը դեպի անդունդ։ Հայաստանն արագորեն ողողվում է այլացեղ ու այլակրոն օտար տարրերով։ Օտարի դրածոները կազմաքանդում են Հայաստանի կրթական ու գիտական դաշտը։ Փողոցում, եթերում ու պաշտոնական միջավայրում հայոց լեզուն ոտնահարվում է ամեն քայլափոխի։ Ադրբեջանական նոր հարձակումներից առաջ երկրի պաշտպանունակությունը թողնված է բարձիթողի վիճակում։ Ազգ-բանակ կառուցելու նպատակ և մտադրություն չկա։ ՀՀ ոչ-բարով վարչապետը ժողովրդին անամոթաբար կոչ է անում մոռանալ, թե որն է իր հայրենիքն ու պատմությունը և ապրել միայն հաճույքների համար։ Կոչ է անում դադարել պայքարը հանուն ազատության, անկախության և ազգային արժանապատվության, այլ հաշտվել ու համակերպվել Հայաստանի աստիճանական ուծացման և հայազերծման հետ։ Այսպիսով, մերօրյա Հայաստանում հայ ժողովրդի անվտանգության կենսական պահանջներն ու շահերը, հայոց լեզուն, մշակույթը, ապրելակերպը, Սահմանադրությունը բոլորը դավաճանված են։
Այսպիսի դժնդակ պայմաններում Անկախության օրը նշելու միակ իմաստը անկախության համար նոր պայքարի անհրաժեշտության մասին հիշելն է։ Հայ ժողովուրդը պետք է իր մեջ ուժ գտնի զրոյից կերտելու իր տակավին չկայացած ազգային պետությունը՝ առանց, սակայն, ներկա փչացած, օտարամոլ, ստրկամիտ ու խամաճիկ վերնախավերի, որոնց ժամանակը վաղուց է անցել։
Նպատակը մնում է նույնը՝ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ԱՄՈՒՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻ ԵՎ ԲՆԻԿ ԱՅՆ ՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ, ՈՐԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ԱՊԱՀՈՎԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԿՏՐՎԱԾՔՈՎ։
ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆ»։
0Comments