Լարսում էլեկտրոնային հերթում սպասում է շուրջ 583 հայկական բեռնատար

Մանրամասներ
լարս

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետն անցնելու համար էլեկտրոնային հերթում սպասում է շուրջ 583 հայկական բեռնատար։ Նրանց թիվը նախորդ օրվա համեատ նվազել է 17-ով։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Նոյեմբերի 9-ին հայտնել էինք, որ էլեկտրոնային հերթում 1890 բեռնատար կա, որոնցից 600-ը հայկական համարանիշներով են։

Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 1901 տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն:

Բեռնատարների կուտակումները կապված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ:

Հիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։

Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: