Ամեն օր մոտ 200 հազար մարդ ապրում, աշխատում կամ անցնում է Կալիֆոռնիայի հրաբխավտանգ գոտիով, 16 տոկոսանոց հավանականություն կա, որ նահանգում գալիք 30 տարում հրաբուխ կարող է ժայթքել, տեղեկացնում է Gismeteo-ն։
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, ուսումնասիրելով սպառնալիքները, որոնք կարող են ներկայացնել հրաբուխները մարդկանց, նահանգի պաշարների եւ ենթակառուցվածքի համար, հրապարակել է իր հաշվետվությունում։
Կալիֆոռնիացիները լավ տեղեկացված են երկրաշարժերի, անտառային հրդեհների եւ ցունամիների կործանարար ներուժի մասին։ Ընդ որում՝ հետազոտողներն ասում են, որ շատ ավելի քիչ ուշադրություն է հատկացվում հրաբուխների ժայթքման վտանգին, «չնայած դրանք նահանգում տեղի են ունենում նույնքան հաճախ, որքան եւ ուժեղ երկրաշարժերը Սան Անդրեասի հատվածում»։ Համաձայն հաշվետվության՝ 6,7 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժի հավանականությունը կազմում է 22 տոկոս հաջորդ 30 տարիներին, իսկ հրաբխի ժայթքման հավանականությունը՝ 16 տոկոս։
Հետազոտողները հայտնաբերել են, որ վերջին 100 տարում տեղի է ունեցել մոտ 10 նման ժայթքում, ընդ որում՝ վերջինը՝ Լասենի գագաթին, Հյուսիսային Կալիֆոռնիայում, 1914-1917 թվականներին։
Լասենը հրաբխային ութ շրջաններից մեկն է, որը հայտնաբերվել է Կալիֆոռնիայում, եւ որոնցից յոթը համարվում է «ակտիվ», որովհետեւ դրանց տակ կա մագմա։ Այդ շրջանները հիմնականում գտնվում են Հյուսիսային Կալիֆոռնիայում եւ ներառում են Շաստա լեռը, Մեցիցին լճի հրաբուխը, Քլիր-Լեյք հրաբխադաշտը, Լոնգ Վալի հրաբխային շրջանը, Կոսո հրաբխադաշտը եւ Սոլթոն Բաթսը, ասվում է հաշվետվությունում։
Շաստա լեռան վրա ամենամեծ թվով մարդիկ են ապրում՝ մոտ 104 հազար մարդ։ Հրաբխային վտանգի գոտիները միասին ընդգրկում են 57 հազար քառակուսի կիլոմետր, ներառյալ 17 օկրուգ՝ 14 քաղաքով։
Հետազոտողները հայտնաբերել են, որ ժայթքումը կարող է լուրջ սպառնալիք հանդիսանալ Կալիֆոռնիայի ենթակառուցվածքի համար. կալիֆոռնիական երեք խոշոր կոմունալ ձեռնարկությունների էլեկտրագծերն անցնում են վտանգավոր գոտիներով, եւ «լայնածավալ խափանումների» համար բավական է «հրաբխի մոխրի աննշան հատիկը»։
Վտանգավոր գոտիներում են գտնվում նաեւ մի քանի հիդրոէլեկտրակայաններ։ Հրաբխի բեկորները ջրում կարող են վնասել դրանց մետաղական բաղադրիչները, իսկ մոխիրը կարող է ազդել օդային շարժիչների վրա։
Կալիֆոռնիայի հրաբուխների ժայթքման վտանգի մեղմման հաջորդ քայլը պահանջում է յուրաքանչյուր օբյեկտի ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն, ասվում է հաշվետվությունում. հանրությունը, գիտնականները եւ իշխանության տեղական մարմինները մշակում են հետեւանքների մեղմման ծրագրեր։
0Comments