Ուկրաինան իրավունք ունի պաշտպանվել նաև Ռուսաստանի տարածքում․ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար

Մանրամասներ
Ջոն Հելի

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հելին հոդված է գրել հանրահայտ Sunday Express թերթում, որտեղ անդրադարձել է Ռուսաստանի ճանաչված տարածքում՝ Կուրսկի շրջանում, ուկրաինական գործողությանը։

«Ընդամենը վեց շաբաթ լինելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում՝ ես ավելի քան երբևէ համոզված եմ, որ Միացյալ Թագավորության և Եվրոպայի պաշտպանությունը սկսվում է Ուկրաինայում: Որովհետև եթե Պուտինը հաջողության հասնի Ուկրաինայում, նա այնտեղ կանգ չի առնի,իսկ նրա նմանները համարձակ կդառնան»,- գրում է Հելին, հայտնում է BBC-ն։

«Այնպես որ, մենք կկանգնենք մեր խիզախ ուկրաինացի ընկերների կողքին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի։ Բրիտանիան միասնական է Ուկրաինային աջակցելու հարցում»,- շարունակում է նա։

«Ուկրաինական քաղաքները  ռուսաստանյան հետագա հարձակումներից պաշտպանելու նպատակով վերջին օրերի  ուկրաինական զորքերի հանդուգն հարձակումը Ռուսաստանի վրա  բացահայտեց ռուսաստանյան բանակի խոցելիությունը և ճնշում է գործում Պուտինի վրա»,- գրել է նախարարը։

«Միջազգային իրավունքի հարգման դեպքում չեն բացառվում գործողությունները նաև Ռուսաստանի տարածքում»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով Ռուսաստանում բրիտանական զենքի կիրառմանը (Չելենջեր 2 տանկեր են նկատվել  Կուրսկի շրջանում), Հելին գրել է. «Մենք պետք է հպարտ լինենք, որ Մեծ Բրիտանիայի  նվիրաբերած տեխնիկան, ռազմաճակատում խիզախ ուկրաինացիների ձեռքում, օգնում է նրանց պաշտպանել իրենց երկիրը»։