Թուրքիայում խոշոր անտառային հրդեհներ են

Մանրամասներ
թուրքիա

Հրշեջները փորձում են զսպել անտառային հրդեհները, որոնք մոլեգնում են Թուրքիայի հյուսիսարևմտյան երեք նահանգներում, հինգշաբթի տեղեկացրել է գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին, հաղորդում է Reuters-ը։

Հրդեհաշիջմանը մասնակցում է 14 ինքնաթիռ, 31 ուղղաթիռ և 265 ցամաքային մեքենա, ինչպես նաև անտառտնտեսության մոտ 1400 աշխատակից, ասել է Յումաքլին։

Անտառային հրդեհներ են բռնկվել Չանաքկալե նահանգի Էջեաբաթ, Բոլու նահանգի Գոյնուկ և Մանիսա նահանգի Գորդես շրջաններում։

Առայժմ հայտնի չէ, թե ինչն է հրդեհների պատճառ դարձել։

«Բոլոր երեք շարունակվող անտառային հրդեհների դեպքում վիճակի բարելավման գործընթաց է նկատվում: Աստծո օգնությամբ հուսով եմ վաղը (ուրբաթ) ձեզ լավ լուր կբերեմ և կասեմ, որ մեր երեք հրդեհներն էլ մարվել են»,- ասել է նա։

Չանաքկալեի նահանգապետ Օմեր Թորամանը ասել է, որ երեք գյուղերի որոշ թաղամասերի բնակիչներ տարհանվել են որպես նախազգուշական միջոց, սակայն բնակելի տարածքներին վտանգ չի սպառնում:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, Բոլուի նահանգապետ Էրքան Քըլըչը հայտնել է, որ հրդեհը վնասել է մոտ 100 հեկտար հողատարածք, իսկ երեք գյուղ տարհանվել է որպես նախազգուշական միջոց։