Վրաստանի ֆինանսների նախարարությունը «անհիմն եւ անհեթեթե է համարում Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական ծառայության եւ փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի մեղադրանքն առ այն, որ Վրաստանի քաղաքական ղեկավարությունը համաձայնության է եկել Ռուսաստանի հետ Վրաստանի տարածքով մաքսանենգ ապրանքների տեղափոխման շուրջ, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
«Միջազգային հանրության կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների սահմանման առաջին իսկ օրերից Վրաստանը խիստ հսկողություն է իրականացրել երկրի բոլոր մաքսակետերում եւ ներկրվող եւ արտահանվող ապրանքների մոնիտորինգ է իրականացրել:
Վրաստանի ֆինանսների նախարարությունը ողջ պատասխանատվությամբ հայտարարում է, որ ցանկացած տեսակի ապրանք՝ ռազմական եւ երկակի նշանակության, ինչպես նաեւ պատժամիջոցների ցանկում ընդգրկված բոլոր ապրանքները խիստ մաքսային հսկողության են ենթակա վրացական իշխանությունների կողմից։
Հարկ է նշել, որ մեր բոլոր միջազգային գործընկերները մանրամասն տեղեկացված են այս մասին: Վրաստանն ապագայում կշարունակի խիստ վերահսկողություն իրականացնել այս ուղղությամբ եւ տեղեկատվություն փոխանակել գործընկերների հետ»,- ասված է Վրաստանի ֆինանսների նախարարության հաղորդագրությունում։
Կիեւի հայտարարությունը հերքել է նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Պարզ ասած՝ դա սուտ է։ Գործընկեր երկրի կողմից նման ապատեղեկատվությունը, հատկապես՝ այս պայմաններում, բացարձակապես անընդունելի է»,- գրել է Շալվա Պապուաշվիլին Twitter-ում:
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից Գիորգի Կախիանին ասել է, որ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Կախիանին կարծում է, որ նման մեղադրանքները կարող են կապված լինել «հիբրիդային պատերազմի հետ, որը, ցավոք, տարվում է Վրաստանի դեմ»։
Իշխող կուսակցության ներկայացուցիչը Կիեւի նման հայտարարությունները կապել է նաեւ Վրաստանում նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների գործունեության հետ Ուկրաինայի ուժային կառույցներում։ «Դա, մեղմ ասած, որեւէ կապ չունի իրականության հետ։ Ես այլ կերպ կասեի, որ դա նույնիսկ վիրավորական է մեր երկրի համար, երբ ինչ-որ մեկի մոտ կարող են նման հարցեր առաջանալ»։
Վրաստանը մասնակցում է ուկրաինական պատերազմի պատճառով Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին։
Մասնավորապես, պատժամիջոցների պատճառով ՎՏԲ բանկի վրացական մասնաճյուղը զրկվել է ֆիզիկական անձանց, փոխառուներին եւ ավանդապահներին սպասարկելու իրավունքից։ Մանրածախ վարկերի եւ ավանդների պորտֆելները փոխանցվել են «Բազիսբանկ»-ին, իսկ կորպորատիվ բանկային պորտֆելը փոխանցվել է «Լիբերթի բանկ»-ին:
Բացի այդ, Վրաստանում կասեցվել են Ռուսաստանի պատժամիջոցների տակ ընկնող բանկերի թողարկած VISA եւ Mastercard քարտերով գործարքները։ Տեղական ֆինանսական հաստատություններին արգելվում է օգտվել ռուսական «Միր» վճարային համակարգից:
Ընդ որույմ, Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, բազմիցս հայտարարել են, որ Վրաստանը չի պատրաստվում սեփական նախաձեռնությամբ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, քանի որ դա երկրի ազգային շահերի խախտում կլինի:
0Comments