«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զանգվածային և ավելի արմատական փուլը կսկսվի աշնանը

Մանրամասներ
Բագրատ Սրբազա

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զանգվածային և ավելի արմատական փուլը կարող է սկսվել աշնանը` սեպտեմբերի կեսերին: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեց քաղտեխնոլոգ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը։

«Հիմա ընդդիմադիր շարժումը բավական ինտենսիվ աշխատանք է կատարում նոր կառույցներ ստեղծելու ուղղությամբ»,- ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ սկզբնական փուլում շատերը հույս ունեին, որ շարժումը կգործի բլիցկրիգի ռեժիմով, և առաջնորդներին կոչ էին անում արմատականացնել իշխանության դեմ ընդդիմության պայքարի մեթոդները: Սակայն դա տեղի չունեցավ։

Շարժումն այժմ գտնվում է վերաձևավորման, ինստիտուցիոնալիզացիայի, ավելի հստակ քաղաքական օրակարգի սահմանման, կադրային թարմացման փուլում: Փորձագետի գնահատմամբ՝ ընթանում են նոր փուլի նախապատրաստական աշխատանքները։

Անդրադառնալով Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին, Հակոբյանը բազմաթիվ տարբերություններ նշեց:
Հայաստանում քաղաքական իրադարձությունները սկսեցին զարգանալ լոկալ մակարդակով և ավելի շուտ հանրային ընդվզում էին իշխանությունների քաղաքականության դեմ, մասնավորապես՝ տարածքային զիջումների և Ադրբեջանին չորս հայկական գյուղերի հանձնման դեմ։ Եվ սկզբում այդ գործընթացը կոնկրետ քաղաքական օրակարգ չուներ։
Հետագայում «խռովությունը» մեծացավ, դրան միացան նոր քաղաքական ուժեր։ Այս ամենը վերածվեց մայրաքաղաքում բազմաթիվ հանրահավաքների, ինչպիսիք վաղուց չէին եղել, և աստիճանաբար շարժումը լցվեց քաղաքական օրակարգով։

«Ամեն ինչ սկսվեց Հայաստանի մարզերից մեկի՝ Տավուշի պաշտպանությունից և անվտանգության ապահովումից։ Հիմա շարժման գլխավոր կարգախոսը ամբողջ Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունն է։ Լոկալ, հասարակական ընդվզումից շարժումը վերաճեց ավելի լայն հասարակական-քաղաքական գործընթացի»,- ասաց Հակոբյանը։

Քաղաքագետ, «Pressunity»-ի քաղաքական մեկնաբան Դմիտրի Աբազովն էլ կարծում է, որ Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցող գործընթացները նման են նրանով, որ երկու երկրներում էլ չկա այլընտրանքային ուժ, որը կարող էր հասարակությանը նոր տեսակետներ և գաղափարներ առաջարկել: Բացի այդ, հանրահավաքներում լուծվում է երկրի զարգացման հարցը։

Վրաստանում քաղաքական գործընթացները սկսվել են դեռևս ԽՍՀՄ փլուզման և երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի իշխանության գալու ժամանակաշրջանից, այնուհետև շարունակվել երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք։ Այն ժամանակ հյուսիսային հարևանի՝ Ռուսաստանի հետ կապված ամեն ինչ ներկայացվում էր որպես հասարակության և եվրաինտեգրման համար կործանարար մի բան։
Այժմ Վրաստանում բոլոր գործընթացները հենվում են երկու ուժային կենտրոնների և երկու էլիտաների պայքարի վրա, որտեղ մի կողմը աջակցում է Սաակաշվիլիին և նրա հետևորդներին, մյուս կողմը` Իվանիշվիլիին և գործող իշխանությանը։ Հայաստանում բնակչության մի մասը Փաշինյանին համարում է ազգային շահերից նահանջած մարդ։

«Բացի այդ, տեղի է ունենում հասարակության արմատականացում։ Վրաստանի դեպքում հասարակությունը պատրաստ չէ երկխոսության Ռուսաստանի, Հայաստանի դեպքում՝ Ադրբեջանի հետ»,- ասաց Աբազովը։

Նա նշեց նաև, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները դիտարկում է որպես կառավարելի քաոս: Այսինքն՝ որոշ ՀԿ-ներ, լրատվամիջոցներ փորձում են ազդել երիտասարդության և ընդհանրապես հասարակության վրա, աշխարհում և տարածաշրջանում կատարվող ամեն ինչի նկատմամբ նրանց վերաբերմունքի վրա։

Այս բոլոր մանիպուլյացիաների գլխավոր թիրախը Վրաստանի և Հայաստանի էլիտաներն են։ Դրա հաշվին քաղաքական ուժերի խորը բևեռացում է տեղի ունենում, և անհանդուրժողականության մթնոլորտ է ձևավորվում։ Վրաստանում, օրինակ, հասարակության մի մասը կարծում է, որ «Վրացական երազանքը» դավաճանել է երկրի շահերին, հեռանում է եվրաինտեգրման գործընթացից և փորձում է հարաբերություններ կառուցել ՌԴ-ի հետ։ Այս առումով Հայաստանում իրավիճակը որոշակիորեն նման է վրացականին. հասարակության որոշակի հատված նույն կերպ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է մեղադրում հայկական շահերին դավաճանելու մեջ։