Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի ընտրության առաջին փորձն է, եւ այս ընտրությունում «դաբրոներ» չկան։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նա հիշեցրեց, որ ըստ նոր օրենքի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը ձեւավորում է մրցութային հանձնաժողով, որը կընտրի խորհրդի անդամներին ու նախագահին։
«Ռուբեն Ջաղինյանի լիազորությունները ավարտվում են մարտի 3-ին, իսկ երեք օր հետո կհայտարարվի մրցույթը»,- հայտնեց նա։
Տիգրան Հակոբյանը հավելեց՝ «դաբրոներով» կարգավորման ժամանակը խոր անցյալում է. «Մրցույթը կլինի ոչ թե ինչ-որ «դաբրոներով», այլ կոշտ մրցակցության պայմաններում կընտրվեն այն անձը եւ այն ծրագիրը, որը կփորձի ավելի արդիականացնել եւ իր նպատակին ծառայեցնել Հանրային հեռուստաընկերությունը»։
Սակայն, նա մտահոգություն հայտնեց, որ շատերը չեն հասկանում, թե ուր են գնում աշխատելու։ «Հանրային հեռարձակողը Հանրային հեռուստաընկերությունը չէ, այն հսկայական մի կառույց է, որտեղ գնացողը պետք է հասկանա, որ գնալու է ղեկավարելու շատ խոշոր տեղեկատվական կառույց, որը պետք է դառնա Հայաստանի փափուկ ուժի բաղադրիչներից մեկը»,- եզրափակեց նա։
0Comments