Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին «ամազոնուհիների»՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
Նախիջևանում գտնվող բրոնզեդարյան նեկրոպոլիսի գերեզմանների պեղումները ցույց են տվել, որ կանանց թաղել են զենքերով. մասնավորապես հայտնաբերվել են ածելիի պես սուր նետերի գլխիկներ, բրոնզե դաշույն և մական, ինչպես նաև զարդեր:
Հնագետները եկել են այն եզրակացության, որ նրանք կարող էին լինել «ամազոնուհիներ»։ Այս կանայք հայտնի էին տղամարդկանցից զերծ իրենց հասարակությունով և մարտի դաշտում հմտությամբ, հատկապես, երբ խոսքը վերաբերում էր նետ ու աղեղին:
Պատմաբան Բեթանի Հյուզը Observer-ին ասել է. «Սա ցույց է տալիս, որ հին հունական առասպելների և լեգենդների հետևում ճշմարտություն կա»:
Նա ընդգծել է, որ այս ապացույցն առավել նշանակալից է, երբ կապվում է ավելի վաղ գտածոների հետ. 2019 թվականին Ռուսաստանում հայտնաբերվել են նետերի գլխիկներով և նիզակներով թաղված չորս կին մարտիկների աճյուններ, իսկ 2017 թվականին հայ հնագետները հայտնաբերել են մի կնոջ մնացորդներ, որը, ըստ երևույթին, զոհվել է մարտական վնասվածքներից, քանի որ նրա ոտքի մեջ հայտնաբերվել է նետի ծայրը։ 1990-ականների սկզբին Ղազախստանի սահմանի մոտ հայտնաբերվել են դաշույնով թաղված կնոջ մնացորդներ։
«Որոշ կմախքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանայք լայնորեն օգտագործել են աղեղներ և նետեր: Մատների հոդերի փոփոխությունները միայն որսորդությամբ պայմանավորված չէին լինի: Դա որոշակի կայուն, լուրջ պրակտիկայի հետևանք է: Ոսկորների ուսումնասիրության բազմաթիվ արդյունքներ ցույց են տալիս, որ այս կանայք թամբի վրա շատ ժամանակ են անցկացրել: Կանանց կոնքը հիմնականում բաց է, քանի որ նրանք ձի են վարել: Նրանց ոսկորները ձևավորվել են ըստ իրենց ապրելակերպի», - մանրամասնել է գիտնականը:
Նա հավելել է, որ կանանց մնացորդների հետ հայտնաբերված զարդերը ներառում են կարնելյան վզնոցներ:
«Այն կիսաթանկարժեք քար է, որի առկայությունը վկայում է, որ այդ կանայք որոշակի կարգավիճակ են ունեցել», - նշել է գիտնականը:
Պարբերականը մանրամասնում է, որ Նախիջևանում արված բացահայտումները կներկայացվեն Channel 4 հեռուստաալիքի նոր «Աշխարհի գանձերը» վերնագրով հաղորդաշարում, որը կսկսվի ապրիլի 6-ին:
Դրվագներից մեկը՝ «Մետաքսի ճանապարհները և Կովկասը», ներկայացնում է աշխարհի այն հատվածը, որը դարեր շարունակ ականատես է եղել մշակույթների և քաղաքակրթությունների անկմանը և որտեղով անցել են Ասիան և Եվրոպան կապող առևտրային ուղիները:
Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ
Մանրամասներ
0Comments